Հեղափոխությունից հետո վերադասավորումների ականատես եղանք ոչ միայն քաղաքական, այլ նաեւ բիզնես դաշտում:
ԼՈՒՐԵՐ.com-ն ուսումնասիրել է, թե պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները իշխանափոխությունից հետո իրենց կարիքների համար ինչ ընկերությունների ծառայություններից են սկսել օգտվել:
Այս անգամ ընտրել ենք ապահովագրության ոլորտը, հետագայում կանդրադառնանաք նաեւ այլ ոլորտների: Նշենք, որ ուսումնասիրության համար ԼՈՒՐԵՐ.com-ն օգտվել է Պետական գնումների armeps համագարգից եւ կառավարության e-gov.am հարթակի մեկ անձից կատարվող գնումների բաժնից:
Armeps համակարգում ուսումնասիրությունների ժամանակ միանգամից աչքի է ընկնում հեղափոխությունից հետո Երեւանի քաղաքապետարանի կողմից կատարված ապահովագրական ընկերության փոփոխությունը: 2019 թվականի հունիսի 25-ին (քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք) Երեւանի քաղաքապետարանը «Առողջապահության ապահովագրություն» փաթեթ է ձեռքբերել 67 մլն 500 հազար դրամով: Սա համարժեք է 138 հազար ԱՄՆ դոլարի: Այս ծառայությունը Երեւանի քաղաքապետարանին մատուցել է «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը: Այն պատկանում է «Սիլ կոնցեռն»-ի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանին:
Բոլորին է հայտնի Խաչատուր Սուքիասյանի եւ այս իշխանությունների ու հատկապես Նիկոլ Փաշինյանի մտերմիկ հարաբերությունները: Սուքիասյանը հեղափոխության աջակիցներից է եղել, այժմ էլ սատարում է գործող կառավարությանը: Սակայն, առանց որեւէ պնդումներ անելու, ներկայացնենք, թե նախորդ երկու տարիներին՝ 2018 եւ 2017 թվականներին այս նույն ծառայությունները որ ընկերություններն են մատակարարել Երեւանի քաղաքապետարանին:
Այսպես, armeps համակարգում առկա տեղեկատվության համաձայն վերջին երկու տարիներին (քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք) քաղաքապետարանին այս ծառայությունը մատուցել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը: Ի դեպ, այս ընկերության 60 տոկոսը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին: Համեմատության համար էլ նշենք, որ Քոչարյաններին պատկանող ընկերությունն ավելի բարձր գներով է մատուցել ծառայությունը՝ 147 միլիոն եւ 139 միլիոն դրամներով:
Կայքում դեռ հրապարակված չէ, թե քաղաքապետարանն այս տարվա համար, որ ընկերությունից է ձեռք բերել առողջապահական ապահովագրությունը:
Քաղաքական փոփոխություններից հետո մեկ անձից կատարվող գնումներում մատակարարների փոփոխություններ են եղել նաեւ վարչապետի աշխատակազմում: Այստեղ էլ ականատես ենք լինում կառավարության ավտոմեքենաներն ապահովագրող ընկերությունների փոփոխությանը: Հեղափոխությունից հետո զգալի մասն անցել է կրկին «Սիլ Ինշուրանս» ընկերությանը: «Մեկ անձից կատարվող գնումների» ցանկից տեղեկացանք, որ վարչապետի աշխատակազմը 2019 թվականի փետրվարի 1-ին «Սիլ Ինշուրանս»-ի հետ 3 մլն 745 հազար դրամի պայմանագիր է կնքել, որի շրջանակներում ԱՊՊԱ ծառայություն է մատուցվել 87 ավտոմեքենայի:
Նույն թվականի մայիսին 11 ավտոմեքենայի ԱՊՊԱ-ի պայմանագիր է կնքվել նաեւ «Արմենիա Ինշուրանս» ընկերության հետ: Պայմանագրի արժեքը կազմել է ընդամենը 198 հազար դրամ: Նկատելի է գումարների էական տարբերությունները:
2018 թվականին վարչապետի աշխատակազմի 90 ավտոմեքենայի ԱՊՊԱ-ն ևս իրականացրել է «Սիլ Ինշուրանս» ընկերությունը: Ծառայության համար վճարվել է 2 մլն 313 հազար դրամ: Ծառայությունների մատուցման պայմանագիրը կառավարության և «Սիլ Ինշուրանս» ընկերության միջև կնքվել է 2018 թվականի սեպտեմբերին՝ քաղաքական փոփոխություններից մի քանի ամիս անց: Իսկ ահա 2018-ի առաջին կիսամյակում վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաներն այլ ընկերություն է ապահովագրել՝ «Նաիրի Ինշուրանսը»-ը: 1 մլն 249 հազար դրամի շրջանակներում իրականացվել է 89 ավտոմեքենայի ապահովագրություն:
2017-ին վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների զգալի մասը եւս ապահովագրել է «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը: 1 մլն 100 հազար դրամի շրջանակներում իրականացվել է 23 ավտոմեքենայի ԱՊՊԱ: Ամեն դեպքում նշենք, որ «Սիլ»-ը որոշակի առումով պետական գնումներին մասնակից է եղել նաեւ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Օրինակ 2017-ին 2 մլն 213 հազար դրամով իրականացրել է նախագահականի մեքենաների ապահովագրությունը:
2020-ին եւս վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների զգալի մասը «Սիլ»-ն է ապահովագրել: Գնումների համակարգից տեղեկացանք, որ մինչ այս կառավարությունը մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով մեքենաների ապահովագրության 10 պայմանագիր է կնքել, որից չորսը բաժին է ընկել «Սիլ»-ին: Ընդհանուր արժեքը կազմում է 2 մլն դրամ: Համեմատության համար նշենք օրինակ` «Ինգո Արմենիա»-ին, որը պատկանում է առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանին, ապահովագրության համար վճարել են 595 հազար դրամ, «Արմենիա Ինշուրանս»-ին՝ 1 մլն դրամ եւ այլն: