Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ Մոսկվայում ընթանում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների և կազմակերպիչների եվրոպական հանդիպում։ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը ներկայացրել է հակածխախոտային նոր ռազմավարության հիմնական դրույթները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

ԱՀԿ ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրերի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ցուցաբերելու ցանկացած օժանդակություն` Հայաստանում ծխելու դեմ պայքարի նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։

Հանդիպման ընթացքում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ներկայացրել է Ռուսաստանում հակածխախոտային միջոցառումների արդյունքում արձանագրված տպավորիչ ձեռքբերումները։