ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի (ԳՀ) դրամաշնորհները հաստատող հանձնաժողովի առաջին նիստում հիմնադրամի առաջարկով ընդունվել է տուբերկուլոզի դեմ պայքարի Հայաստանի կողմից ներկայացված ազգային ծրագրի եռամյա դրամաշնորհային նոր հայտը, որը գնահատվում է ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունից, ԳՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Նիկոլա Կանտաուն այս մասին պաշտոնապես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:
ԳՀ տեխնիկական հանձնաժողովի գնահատմամբ' Հայաստանի կողմից ներկայացված դրամաշնորհային հայտն ամբողջովին համապատասխանում է փաստաթղթի մշակման մասնագիտական պահանջներին, ինչպես նաև միանգամայն համահունչ է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ռազմավարական ուղղություններին և առաջնահերթություններին: Հաշվի են առնվել նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայումս իրականացվող Գլոբալ հիմանդրամի դրամաշնորհային ծրագրերի գերազանց գնահատականները:
Ծրագիրը կիրականացվի 2015թ. հուլիսի 1-ից 2018թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում' ուղղված տուբերկուլոզի և դեղակայուն տուբերկուլոզի բոլոր ձևերի ախտորոշման համատարած մատչելիության ապահովմանը, հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղերի անխափան մատակարարմանը' սոցիալական աջակցության տրամադրման հետ մեկտեղ, բանտարկյալների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում տուբերկուլոզի կանխարգելմանը, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և առողջապահության համակարգի ներուժի հետագա ամրապնդմանը, հանրության և իրազեկման արդյունավետ միջոցառումների իրականացմանը, հիվանդին ուղղված' արտահիվանդանոցային բուժման նոր մեթոդների ներդրմանը քաղաքացիական հասարակության և համայնքների ակտիվ ներգրավմամբ:
Ընթացիկ ծրագրում առկա խնայողությունների հաշվին Գլոբալ հիմնադրամի կողմից ծրագիրը 6 ամսով (2015թ. հունվար-հունիս) երկարաձգվել է' մինչև նոր դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը հիվանդների բուժման, սոցիալական աջակցության և ախտորոշման գործընթացների անընդհատության ապահովման նպատակով: