Հայաստանը կարտոֆիլի ցեցի դեմ պայքարելու համար հրավիրել է արտասահմանցի մասնագետի, ով շուտով կժամանի ՀՀ և կմասնակցի այդ հիվանդության դեմ համալիր պայքարի միջոցառումներին:

 

Այդ մասին փետրվարի 20-ին Արմավիրի մարզպետարանում կայացած խորհրդակցությանը նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա լուրջ խնդիր է համարում կարտոֆիլի ցեցը, որը վերջին երկու տարիներին գլուխ է բարձրացրել հատկապես Արարատյան դաշտում' Արարատի և Արմավիրի մարզերում: Նախարարը նշեց, որ անցյալ տարի մասնագետների ջանքերով հաջողվել է ջերմոցներում վերացնել ցեցը: «Մեր խնդիրն է այս տարի բաց գրունտային տնտեսություններում ցեցի խնդիրը լուծելը: Մենք արդեն կազմել ենք ծրագիր, քննարկումներ ենք կազմակերպել: Առաջիկա 10 օրվա ընթացքում Կառավարությունում այդ հարցը կքննարկվի: Մենք որոշում ենք կայացրել, որ համալիր ծրագիր պետք է իրականացվի ամբողջ հանրապետությունում»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ այդ նպատակով դրսից մասնագետ է հրավիրվել, ով մարտին կժամանի Հայաստան և կօժանդակի ցեցի դեմ պայքարին:

 

Նա կարևորեց հիվանդության դեմ բուժումները ժամանակին կատարելը, որի համար կիրառվում են ֆերոմոնային թակարդներ:

 

Հայաստանում նախորդ տարի կարտոֆիլի բերքը կազմել է շուրջ 660 հազար տոննա՝ 2012 թվականի 647 հազար տոննայի դիմաց: ՀՀ-ից անցյալ տարի արտահանվել է 23.5 հազար տոննա կարտոֆիլ, ինչը 22 անգամ գերազանցել է 2012 թվականի ցուցանիշը: