Հայաստանում կիրականացվի կարտոֆիլի ցեցի դեմ պայքարի համալիր ծրագիր: Այդ մասին փետրվարի 18-ին, Արարատի մարզպետարանում կայացած խորհրդակցությանը նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Մեզ մտահոգում է այս խնդիրը: Վերջին 2-3 տարիներին Արարատյան դաշտի բավական թվով համայնքներում այդ հիվանդությունը տարածվել է: Կառավարությունում խորհրդակցություն է անցկացվել, և մենք համալիր ծրագիր ենք մշակում, որպեսզի կարողանանք այդ չարիքի դեմ պայքարել»,- ասաց Կարապետյանը:
Նախարարը պարզաբանեց, որ կարտոֆիլի ցեցի դեմ պայքարը սկսվում է հողի մշակումից, սերմի ընտրությունից մինչև բերքահավաքի ավարտն ընկած հատվածը: «Սա մի համալիր է, որին պետք է ամբողջ տարվա ընթացքում խիստ ուշադրություն դարձնել»,- ասաց Կարապետյանը:
Հայաստանում նախորդ տարի կարտոֆիլի բերքը կազմել է շուրջ 660 հազար տոննա՝ 2012 թվականի 647 հազար տոննայի դիմաց: ՀՀ-ից անցյալ տարի արտահանվել է 23.5 հազար տոննա կարտոֆիլ, ինչը 22 անգամ գերազանցել է 2012 թվականի ցուցանիշը: