Հայաստանում գրանցված ցրտահարությունը բացարձակապես չի վնասել վաղահաս կարտոֆիլի բերքը: Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: «Ցրտահարության ժամանակահատվածում Արարատյան դաշտավայրի մեծ մասում վաղահաս կարտոֆիլն արդեն ցանված էր, սակայն որևէ վնաս չի եղել»,-ասաց Պետրոսյանը:

 

Փոխնախարարն ընդգծեց, որ վաղահաս կարտոֆիլի բարձր բերքատվություն է սպասվում այս տարի: Ընթացիկ ամսվա վերջից արդեն կսկսվի վաղահաս կարտոֆիլի մասսայական բերքահավաքը: «Այնպես որ, շուկայում մենք կարտոֆիլի պակաս չենք ունենա»,- ասաց Պետրոսյանը:

 

Անդրադառնալով բանջարեղենի և բոստանային կուլտուրաների բերքի կորուստների մասին շրջանառվող խոսակցություններին՝ Գառնիկ Պետրոյանը բացառեց նման հնարավորությունը' ընդգծելով, որ այդ ժամանակահատվածում բաց գոտում ընդամենը մի քանի տասնյակ հեկտար կաղամբի սածիլներ են եղել, սակայն այդ մշակաբույսը բավական ցրտադիմացկուն է, և էական կորուստներ չեն լինի:

 

Հայաստանում գրանցված ցրտահարության հետևանքով հիմնականում տուժել են ծիրանի այգիները, ինչի արդյունքում այս տարի Հայաստանում ծիրանի բերքի ծավալները զգալիորեն կզիջեն նախորդ տարվա ծավալներին: Ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկով ցրտահարությունը պատճառել է շուրջ 11 միլիարդ 181 միլիոն դրամի վնաս: