ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ընթացիկ տարին համարում է բարենպաստ գյուղատնտեսության համար: Բնական աղետների հետևանքով գրանցված վնասները չեն գերազանցում բազմամյա միջին ցուցանիշը: Այս մասին հուլիսի 4-ին նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: «Բարձր բերք է սպասվում հացահատիկային, բանջարաբոստանային, կերային մշակաբույսերի, կարտոֆիլի ցանքերից, դեղձենու, խնձորենու, տանձենու, խաղողի այգիներից: Դեռևս տարվա սկզբին անհանգստություն ունեինք, որ ձմռան սաստիկ ցրտահարությունների հետևանքով կարող են վնասվել չթաղված խաղողի այգիները: Մարտին և դրանից հետո նաև պտղի ձևավորման փուլում իրականացված դիտարկումերը հաստատեցին, որ խաղողի այգիները էական վնաս չեն կրել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է ծիրանի բերքին, ապա ինչպես ավելի վաղ կանխատեսվել էր, անցած տարվա 88.8 հազար տոննա ծիրանի բերքի փոխարեն այս տարի 8 հազար տոննա ծիրանի բերք է սպասվում: «Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումների ու ջերմաստիճանի անկման հետևանքով խնդիրներ առաջացան ծաղկման փուլում գտնվող կորիզավոր որոշ պտղատեսակների դեպքում: Արարատյան դաշտի և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կորստի մատնվեց ծիրանի բերքը: Բայց պետք է նշեմ, որ ծիրանը հիմնականում պահպանվել է Թալինի տարածաշրջանում, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի բարձրադիր համայնքներում»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը' տեղեկացնելով, որ այս պահի դրությամբ Հայաստանից արտահանվել է 168 տոննա ծիրան:
Հարցին ի պատասխան, թե արդյոք կա ծրագիր նման տարիներին, երբ վնասվում է բերքը, ներկրման ծավալներն ավելացնելու, Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ դրսից ներկրված ծիրանը հայ սպառողին չի կարող գրավել, քանի որ այն համային բնութագրիչներով զիջում է հայկականին: Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ ծիրանը չարտահանվի, դրա փոխարեն սպառվի ներքին շուկայում, պաշտոնյան նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է միջազգային առևտրային կառույցների անդամ, որոնց առջև ունի պարտավորություններ:
Գառնիկ Պետրոսյանի խոսքով' ընթացիկ տարում 12-14 հազար հեկտար ցանքատարածությունների ավելացում է ակնկալվում, որից 6 հազար հեկտարը հացահատկային մշակաբույսերի մասով:
Անդրադառնալով շուկայում մրգերի բարձր գներին' Գառնիկ Պետրոսյանը դա պայմանավորեց որոշ պտղատեսակների քիչ քանակությամբ և բարձր պահանջարկով: Նրա խոսքով' առաջիկա 10-15 օրերին աստիճանաբար կկարգավորվեն գները: «Ծիրանի գնի որոշակի նվազում է սպասվում է հուլիսի 5-ից հետո, լոլիկի գինը կիջնի հուլիսի 15-ից հետո»,- ասաց փոխնախարարը:
Մինչ այս պահը Հայաստանից արտահանվել է 1523 տոննա վաղահաս կարտոֆիլ, 343 տոննա կեռաս, 168 տոննա ծիրան: