ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վայոց Ձորի մարզում հանդիպել է խաղողագործներին և ծանոթացել թռչնաբուծական ֆաբրիկայի գործունեությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցը մեկնարկել է Աղավնաձոր գյուղում, որտեղ նախարարը մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է խաղողի այգիներում, զրուցել գյուղացիների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:
Այս համայնքում խաղողի այգիների ընդհանուր մակերեսը կազմում է 351 հեկտար: Նախորդ տարի Աղավնաձորի համայնքում արտադրվել է 3200 տոննա խաղող, 2014 թվականին նույնպես կանխատեսվում է լավ բերք:
«Վայոց ձորում այս տարի խաղող մթերող ընկերությունները գյուղացիների հետ պայմանագիր են կնքել Արենի տեսակի խաղողի մեկ կիլոգրամը 230 դրամով մթերելու վերաբերյալ: Մթերման պահանջարկը շատ մեծ է, և այս հարցում դուք խնդիրներ չեք ունենա», - հանդիպման ժամանակ նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի հաջորդ կանգառը եղել է Գնդեվազի 2013 թվականին հիմնադրված թռչնաբուծական ֆաբրիկան, որտեղ բուծվում է 44 հազար հավ ու 24 հազար վառեկ: Ֆաբրիկայի տնօրեն Կարեն Միրզոյանը հայտնել է նախարարին, որ այստեղ օրական արտադրվում է 35 հազար ձու, որն իրացվում է տեղական շուկայում: Նախարարը հորդորել է զբաղվել նաև հնդկահավի բուծմամբ' հաշվի առնելով նախկինում այս ֆերմայի փորձը և հանրապետությունում հնդկահավի մսի մեծ պահանջարկը:
Գնդեվազ համայնքում նախարարը եղել է նաև նոր կառուցվող «Էկոֆարմ» անասնապահական համալիրում, որը նախատեսված է 350 գլուխ ֆլեկֆի ցեղատեսակի կաթնամսատու կովի և 150 գլուխ երինջի համար: Այս պահին այստեղ առկա է 50 գլուխ կաթնատու կով: Ընկերությունը հագեցած է աշխարհահռչակ շվեդական «ԴեԼավալ» սարքավորումներով, որտեղ կովերի կերակրումն ու կիթն իրականացվում է ավտոմատացված եղանակով:
Ֆերմային կից կառուցվում է կաթի վերամշակման արտադրամաս, որը պետք է վերամշակի արտադրված կաթը' պանրի արտադրության և փաթեթավորված պաստերիզացված կաթի արտադրության համար: Համալիրը շահագործման կհանձնվի տարեվերջին:
«Քանի որ Հայաստանում մեծ է պանրի պահանջարկը, «Էկոֆարմ» համալիրը ձեռնամուխ է եղել նաև պանրի արտադրամասի հիմնադրմանը և ստացված կաթը տեղում կվերամշակվի: Մեր նպատակն է փոքր տնտեսություններից անցում կատարել դեպի խոշոր անասնապահական համալիրների ձևավորմանը, և համոզված եմ, որ սա օրինակ կծառայի նմանատիպ այլ համալիրների ստեղծման համար», - եզրափակելով իր խոսքը' նշել է նախարարը: