«Թովմասյան Բարեգործական Հիմնադրամը կազմակերպում է «Միասին Մենք Կարող ենք» բարեգործական համահայկական աննախադեպ ինտերակտիվ օնլայն համերգային ծրագիր VR տեխնոլոգիաների միջոցով։ Համերգից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք»,-հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը՝ ներկայացնելով վաղը՝ մայիսի 2-ին կայանալիք համերգի մանրամասները:
Արտակ Թովմասյանը տեղեկացրեց, որ օր օրի ավելանում են բարեգործական համերգին մասնակցել ցանկածող արտիստները. «Համերգը հեռարձակվելու է «Դվին» համերգասրահից, որտեղ կպահպանվի սոցիալական հեռավորությունը: Մնացած երկրներից մեր արտիստները կմիանան տաղավարից կամ տնից, ինչը ևս տանը մնալու ուղերձ է: Անկախ նվիրատվության չափից՝ բոլոր բարերարների անուները կտեղադրվեն մեր ֆոնդի կայքում: Կարևոր չէ գումարի քանակը, կարևորը նրանց մասնակցությունն է մեր համերգին»:
Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը նաև համախմբածության կոչ է ամբողջ աշխարհի հայերին՝ անկախ քաղաքական հայացքներից.«Մեզ կօգնի միասնությունը, որի արդյունքում էլ մինչև հիմա կանք»։
Լրագրողներից մեկն ասուլիսի ընթացքում հարց տվեց Արտակ Թովմասյանին, ճի՞շտ են լուրերը, որ համերգը կազմակերպելու համար նա արդեն իսկ իր միջոցներից ծախսել է մոտ 1 միլիոն դոլար, Թովմասյանը պատասխանեց.«Կարծում եմ մեկ միլիոն չի ծախսվել, այլ` ավելին, որովհետև բազմազբաղ մարդկանց համար իրենց ժամանակն ավելի մեծ արժեք ունի: Իրականում միլիոն չի ծախսվել, ծախսվել է ամենակարևոր բանը՝ մեր բոլորի ժամանակը»:
Համերգը ուղիղ կհեռարձակվի միառժամանակ Երևանից (“Dvin Music Hall”) և Լոս Անջելեսից մեկնարկային ժամը 20:20-նն է: Կազմակերպիչների խոսքով նախնական նախատեսված է եղել, որ համերգը կտևի 2 ժամ, բայց քանի որ մասնակիցների թիվը նկատելի ավելացել է, ապա ենթադրում են, որ համերգը կտևի մոտ 8 ժամ։
Այն արտիստները, որոնք գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան “Dvin Music Hall”-ում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը (#SocialDistancing), իսկ Լոս Անջելեսի մեր հայ արտիստները համերգին կմիանան տնից՝ առցանց (#StayHome):
Կազմակերպիչները լիահույս են, որ տեխնիկական խնդիրներ չեն առաջանա, միջացոռումը կհաջողվի և բոլորը գոհ կլինեն:
Նշենք, որ բարեգործական համերգին կմասնակցեն հայտնի կատարողներ, այդ թվում՝ Արամե, Սոնա Ռուբենյան, Գարիկ, Իվետա Մուկուչյան, Սոֆի Մխեյան, Շուշան Պետրոսյան, Սարո և ուրիշներ
Համերգի ընթացքում կլինի նաև ֆլեշմոբ, որի ժամանակ մարդիկ կարող են հիմնադրամի կայքէջում տեղադրել իրենց լուսանկարները՝ «Միասին Մենք Կարող ենք» գրառմամբ, մարդիկ կարող են դա անել նաև իրենց հարազատ լեզվով:
Այնուհետեւ հավաքված տեսանյութերով կստեղծվի նոր երգի տեսահոլովակ, իսկ նկարներով կհավաքվի մեծ չափերի փազլ, որի մեծությունը կախված կլինի հավաքված նկարների քանակից:
«Եթե լուսանկարների թիվը 5200-ից ավելի լինի, ուրեմն այն կլինի աշխարհի ամենամեծ փազլը, ինչով մենք կկարողանանք հպարտանալ»,-իր խոսքում նշեց Արտակ Թովմասյանը: