Օրերս կառավարության նիստում, նախքան օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել, որոնք նորից առնչվել են ոստիկանությանը և ոչ միայն նրան:
Այս անգամ Կարեն Կարապետյանի ուշադրության թիրախում հայտնվել են տաքսիստները, հատկապես նրանք, ովքեր ծառայություններ են մատուցում «Զվարթնոց» օդանավակայանում՝ այնտեղից քաղաքացիներին և զբոսաշրջիկներին տեղափոխելով դեպի Երևան և այլ վայրեր: Բնականաբար, ոստիկանապետն այս խնդրում մեղավոր առանցքային պաշտոնյան չէ, բայց վարչապետը որոշեց հենց նրա անունը հնչեցնել՝ իրավիճակից իր ծայրահեղ դժգոհությունն արտահայտող ելույթի ժամանակ: Մեկ ամիս առաջ էլ Կարեն Կարապետյանը ոստիկանապետին նկատողություն արեց փողոցներում կուտակվող աղբի համար, եւ հանձնարարեց կանխարգելման միջոցներ ձեռնարկել, փողոցում աղբ թափողների ձեռից բռնել եւ թափած աղբը հավաքել տալ: Վլադիմիր Գասպարյանը ստիպված էր վարչապետին բացատրել, որ իրեն դիմում է իր ուղղակի գործառույթներին չառնչվող հարցերով: Աղբահանության մասով ասաց, որ ապարդյուն խոսակցություն է, քանի որ ոստիկանը կարող է օժանդակել, բայց չի կարող մաքրել փողոցները: Տաքսիստների հետ կապված էլ Գասպարյանը վարչապետի ուշադրությունը հրավիրեց լիցենզիա տրամադրելու խնդրի վրա, երբ կասկածելի անցյալով, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց տաքսի վարելու լիցենզիա է տրամադրվում:
Անշուշտ, վարչապետի բարձրացրած երկու հարցերն էլ տեղին են, և աղբահանության արդյունավետ իրականացումը , և տաքսիստների աշխատանքի որակը, ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում ուղիղ համեմատական են երկրի տուրիստական կերպարին: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ինչ կապ ունի այդ ամենի հետ ոստիկանությունը. օրինակ՝ եթե ղեկի մոտ նստած վարորդն «անթրաշ է կամ լոգարանի չստերով», Երևանյան լիճն էլ խաբեությամբ որպես Սևանա լիճ է ներկայացնում, բայց ճանապարհային երթևեկության որևէ կանոն չի խախտում, միաժամանակ ունի տաքսու լիցենզիա, ոստիկանն իրավունք ունի՞ նրան տուգանել: Իհարկե՝ ո՛չ: Տաքսիների լիցենզավորումն իրականացնում է կապի և տրանսպորտի նախարարությունը, հետևաբար վարորդների հիգիենայի և բարեխղճության հետ կապված պահանջները նրանք պետք է սահմանեն: Վլադիմիր Գասպարյանն, ըստ էության, հասկացրել է, որ ոստիկանությունն ընդամենը հետևում է սահմանված պահանջների կատարմանը և չունի իրավասություն՝ նոր չափանիշներ սահմանելու: Հետևաբար, իր երազած տաքսիստներին Կարեն Կարապետյանը պետք է իր թիմակից Վահան Մարտիրոսյանից պահանջի և ոչ թե իրենից:
Դժվար է պատկերացնել, որ վարչապետը տեղյակ չէ իր հարցադրումների սխալ հասցեականության մասին, և այս պարագայում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Կարեն Կարապետյանի հրահանգների և պահանջների սլաքը ուղղվում հենց Վլադիմիր Գասպարյանի ուղղությամբ: Խաբուսիկ է տպավորությունը, թե Կարեն Կարապետյանը անգիտակցաբար է հարվածներ հասցնում Սերժ Սարգսյանի հենասյուներից մեկին: Ուժային կառույցները, այդ թվում՝ ոստիկանությունը, անմիջապես նախագահականի ենթակայության տակ են, եւ դա խնդիր է այն դեպքերում, երբ վարչապետն ու նախագահը որոշակի առումով այլ հարթություններում են, կամ շահերի բախման մեջ: Վ. Գասպարյանը 2011 թվականից ոստիկանապետ է և Ս. Սարգսյանի հիմնական հենասյուներից մեկն է: Կ. Կարապետյանը ժամանակավորապես է վարչապետ նշանակվել: Իսկ առաջիկա մեկ տարում Ս. Սարգսյանը դեռ ուժեղ լիազորություններով նախագահ է լինելու: Կարեն Կարապետյանը ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ ի վիճակի է նախագահի ամենաուժեղ խաղացողին խիստ տոնով հրահանգներ տալ, ցույց տալ նրան ՝ որն է ճիշտը, որը՝ սխալ: Մինչդեռ անգամ ինքը Կարապետյանը երևի թե չի հավատում, որ պրակտիկորեն ունակ է դրան: Վլադիմիր Գասպարյանը իր հերթին, քաջ գիտակցում է, թե ում է ուղղված Կարապետյանի այս «բողոքի ձայնը», այդ իսկ պատճառով տուրք չի տալիս զգացմունքներին և զերծ է մնում վարչապետին նույն ոճով հակադարձելուց: