ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել ստորին ատյանի դատարանի վճիռը, որն արգելափակում է երկիր մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան վեց պետություններից քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելքի մասին՝ նախագահ Դոնալդ Թրամփի մեղմացված հրամանագիրը, տեղեկացնում է BBC-ին:

 


Մարտի 6-ին ստորագրված հրամանագիրը վերաբերում էր Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի եւ Եմենի՝ առավելապես մուսուլմանական բնակչությամբ երկրների քաղաքացիներին, երկրներ, որոնք Սպիտակ տանը դիտվում են որպես ահաբեկչության օջախներ: Հրամանագրի առաջին տարբերակի համեմատությամբ, որն ստորագրվել էր հունվարի 27-ին, այդ ցուցակից հանվել էր Իրաքը:

 


Իր որոշման մեջ երեք դատավորներից բաղկացած կոլեգիան գրել է. «Ներգաղթի հարցերը, նույնիսկ նախագահի համար, չպետք է դառնան մեկ դերասանի թատրոն»: Դատարանի վճռում ասված է, որ նախագահ Թրամփը չի կարողացել հիմնավորել, որ հրամանագրում հիշատակված երկրներից քաղաքացիների, ինչպես նաեւ փախստականների մուտքը երկիր վնասում է ԱՄՆ-ի շահերին:

 


Կառավարությունը պնդում էր, որ հիշյալ երկրներից ներգաղթի ժամանակավոր արգելքն անհրաժեշտ է ԱՄՆ-ի տարածքում ահաբեկչական գործողությունների կանխման միջոցների մշակման ժամանակաշրջանում: