Մոռացեք բոլոր անհեթեթությունները, թե Պուտինը շախմատ է խաղում, իսկ Օբաման' շաշկի: Օբաման տանուլ տվեց պարտիան: Ամերիկյան «Time» ամսագրում գրել է աշխարհի նախկին չեմպիոն, ներկայումս նյույորքյան «Human Rights Foundation»-ի նախագահ Գարի Կասպարովը:

«Պուտինին անհրաժեշտ չեղավ որևէ մեկին հաղթել. նա և Ասադը հաղթեցին մրցակիցների' պայքարին չներկայանալու պայմանի համաձայն, ավելի ճիշտ, երբ Օբաման, Քերին և մյուսները, հեռացան խաղադաշտից: Նոր պարտիայում Պուտինը և Ասադն են թելադրում խաղի կանոնները, և ՄԱԿ-ի հովանու տակ' տնօրինելու են ամեն բան»,- գրել է Կասպարովը:

Շախմատիստն ասել է, որ դեռ մի քանի շաբաթ առաջ Ասադը վախենում էր զանգվածային դասալիքից, երբ ռմբակոծության սպառնալիք կար, իսկ Պուտինը դանդաղ նահանջում էր: Հիմա Ասադի դիրքն ավելի բարձր է, քան նույնիսկ երազել կարող էր: Պուտինն օգտագործեց համընդհանուր խաղացողի դիրքից հանդես գալու հնարավորությունը, չնայած ուղղակի ուզում էր ստատուս քվոն պահպանել:

«Բացի այդ, հիմա, սկսած Պեկինին մինչև Յեմեն, ցանկացած ինքնակալ, ահաբեկիչ և հանցագործ, ազատ աշխարհի անգործության և անզորության ֆոնի վրա, դարձավ ավելի ուժեղ: Հիմա Պուտինն ընդդիմությանը ճնշելիս իրեն ավելի քիչ կզսպի»,- գրել է Կասպարովն ամերիկյան ամսագրում:

Կասպարովի կարծիքով' ԱՄՆ-ն իր դաշնակիցներ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ բավականին զորեղ են' ցեղասպանություն կանխելու, բռնակալներին խանգարելու, կամ գոնե զսպելու, միլիոնավոր մարդկանց ազատություն նվաճելու հնարավորություն տալու համար: «Ցավոք, դրա փոխարեն նրանք որոշեցին մեկուսանալ աշխարհից»,- ասել է շախմատիստը' արևտյան երկրներին հիշեցնելով' «Պատմությունն ավելի երկար է, քան նորություններ հրապարակելու փուլը կամ նախագահական ժամկետը»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Սիրիայում կիրառված քիմիական զենքը միջազգային հանրության բուռն քննարկումների և քննադատաությունների պատճառ դարձավ: ԱՄՆ-ը և Ֆրանսիան սկսեցին Սիրիայի կառավարական զորքերին ռազմական հարված հասցնելու ծրագրեր մշակել: ՄԱԿ-ը, Ռուսատանը և մի շարք արևելյան երկրներ դեմ արտահայտվեցին ռազմական միջամտությանը, որոնց հետագայում միացան նաև ԵՄ որոշ երկրեր: Մարտական գործողությունները հետաձգվեցին անորոշ ժամանակով, երբ Ռուսաստանը Ասադին առաջարկեց ոչնչացման հանձնել քիմիական զենքը: