Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում կարծես օպտիմալացումների նոր ալիք է բարձրացել. օպտիմալացումներ են ընթանում Ազգային ժողովում, նախագահականում, Վերահսկիչ պալատում և այսպես շարունակ: Օպտիմալացման ալիքը կարծես չի շրջանցել նաև Պետական եկամուտների կոմիտեն, ուր, պարզվում է՝ կառուցվածքային փոփոխությունների շրջան է. Կենտրոնի, Արաբկիրի, Շենգավիթի և այլ վարչական շրջանների տեսչությունները միավորվել են մեկ վարչության մեջ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ընդհանրապես, պետք է նկատել, որ հանրության շրջանում օպտիմալացման՝ որպես երևույթի նկատմամբ վերաբերմունքը ոչ միանշանակ է. ոմանք այն ողջունում են՝ համարելով հարկատուների համար ավելորդ բեռ դարձած կադրերից ազատվելու փայլուն եղանակ, ոմանք էլ՝ կատարյալ չարիք՝ լի սոցիալական գերխնդիրներ առաջացնելու պոտենցիալով: Եվ իրոք, հաշվի առնելով 2018-ի սարերի հետևում չգտնվելու իրողությունը, սոցիալական հավելյալ լարվածությունը կարող է ազդեցություն ունենալ ներքաղաքական կյանքի վրա, քանի որ, անկասկած, այդ պայմաններում, երբ երկրում գործազուրկների ու վաղվա օրվա հանդեպ թերահավատությամբ լցված մարդկանց թիվն ավելանում է, վարչապետի փոփոխությունը կարող է այնքան էլ սահուն չստացվել, ու հարցը բարդանա. երկրում առաջանալու է լարված մթնոլորտ՝ միգուցե լի նաև անկանխատեսելի հետևանքներով: Պետք է նկատել, սակայն, որ թե՛ նրանք, ովքեր պնդում են, որ օպտիմալացումը դրական է, փայլուն միջոց՝ պորտաբույծ չինովնիկներից ազատվելու, ու թե՛ նրանք, ովքեր հավելյալ սոցիալական լարվածության վտանգ են տեսնում այդ ամենում, հաճախ յուրովի ճիշտ են դուրս գալիս, քանի որ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ ցանկացած տեղաշարժ՝ նույնիսկ դրական, ստեղծում է երկրում գրեթե պայթյունավտանգ իրավիճակ, բայց միևնույն ժամանակ՝ բխում նաև պետական կառավարման շահերից:
Ասվածը, թերևս, ճիշտ և ճիշտ բնութագրում է ՊԵԿ-ում ընթացող տեղաշարժերի բնույթը: Մի կողմից՝ ապացույցների հավելյալ կարիք չկա, համակարգը վաղուց է կարոտ օպտիմալացման ու աշխատելաոճի վերանայման, ու այս իմաստով՝ Վարդան Հարությունյանի հետևողականությունը չի կարող բացասական ընկալվել, մյուս կողմից, սակայն, համապատասխան պրոցեսները չեն կարող նաև չստեղծել ինչ-որ իմաստով վտանգավոր իրավիճակ, քանի որ հաճախ՝ համակարգից դուրս են մնում մարդիկ, ովքեր բնավ էլ շարքային քաղաքացիներ չեն ու չեն կարող չունենալ գոնե որոշակի ազդեցություն ու լծակներ, հետևաբար, նաև որոշակի գործընթացների վրա ներազդելու կարողություն: Բայց անկասկած է նաև, որ ՊԵԿ-ում սկիզբ առած ներքին գործընթացը մեկ այլ խնդիր ևս լուծում է. սրանով, ըստ էության, ՊԵԿ կենտրոնական ղեկավարումն է՛լ ավելի է հզորացվում՝ դառնալով ավելի կենտրոնաձիգ, համակարգը ձերբազատվում է իրենց սպառած կադրերից, հզորացվում է ներքին վերահսկողությունը՝ հանգամանք, որը չի կարող չհզորացնել ՊԵԿ-ը՝ ներսից:
Իսկ թե ում է այսօր ամենից շատ անհրաժեշտ հզոր Պետական եկամուտների կոմիտե, տեսանելի է նույնիսկ անզեն աչքով…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ