Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կարող  է ստիպված լինել Եվրամիությանը մի քանի միլիարդ ֆունտ վճարել, ինչպես նաև իր սահմանները բաց պահել, եթե բանակցությունների արդյունքում Մեծ Բրիտանիան ընդունի հիմնական բանակցող՝ ֆրանսիացի Միշել Բարնիենի առաջարկած տարբերակը: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Express լրատվական կայքը:

Ենթադրվում է, որ ֆրանսիացին Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի համար առաջ է քաշում Եվրամիության և Նորվեգիայի միջև գոյություն ունեցող հարաբերությունների ձևաչափը, որի դեպքում Մեծ Բրիտանիան կկարողանա պահպանել իր մուտքը դեպի ԵՄ ազատ առևտրի գոտի:

Նորվեգիային, որը ԵՄ անդամ չի հանդիսանում, թույլատրված է եվրոպական տնտեսական գոտում առևտուր իրականացնել՝ վճարելով համապատասխան գումար, որը մինչև 2021 թվականը կկազմի 1.2 միլիարդ ֆունտ:

Այսպիսով, ֆրանսիացի պաշտոնյայի կարծիքով՝ Մեծ Բրիտանիան ևս կարող է օգտագործել հետագա հարաբերությունների կառուցման նորվեգական տարբերակը՝ իրականացնելով համապատասխան վճարումներ: