Վերջերս մեջտեղ բերված ՀՀ պետական գույքի մասնավորեցման նախաձեռնությունը, որը, խոստովանենք, բավական աղմկահարույց ստացվեց ու մի շարք հարցականներ ծնող, շարունակում է հանրային քննարկման թոփ թեմաներից մեկը հանդիսանալ. հարցի շուրջ կարծիք են հայտնում թե՛ անհատ գործարարները, թե՛ տնտեսագետները՝ նշելով այն թերություններն ու ռիսկերը, որոնք պարունակում է այս ծրագիրը:

Իհարկե, ասել, թե հնչող կարծիքները միայն բացասական են, ոչ մի կերպ չի կարելի, քանի որ քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր պետությանն ի սկզբանե վատ կառավարիչ են համարում ու ստեղծված իրավիճակից ելքը տեսնում միայն մասնավորեցման համապատասխան ծրագրի իրականցման մեջ, սակայն անկասկած է, որ միանշանակ կարծիք հնչեցնել  նախաձեռնության վերաբերյալ՝ սխալ կլիներ: Բայց բավական է մի հպանցիկ  հայացք նետել որոշ տարրերի ուղղությամբ, որպեսզի հասկանալի լինի՝ չնայած գաղափարն ինքնին միգուցե այնքան էլ վատը չէ, սակայն այն ռեալիզացնելու մեթոդները կասկածների տեղիք չեն կարող չտալ. միայն այն, որ մասնավորեցման ժամկետայնության սանդղակը վճարումներ անելու համար` ըստ օբյեկտների գումարների մեծության, նախատեսվում է մինչև 21 տարի, բավական է, որպեսզի պարզ դառնա՝ իրականում նպատակը ոչ այնքան բյուջեն լցնելն է, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, որքան այս պրոյեկտն ինչ-ինչ նպատակներին ծառայեցնելը:

Հարց է առաջանում՝ ի՞նչ իրական նպատակ է ընկած ԱԺ վերջին արտահերթ նստաշրջանի ընթացքում ընդունված 2017-2020թթ.-ի մասնավորեցման ծրագրի հիմքում: Այս հարցին պատասխան գտնելու համար պետք է  հասկանալ իշխանությունների փիլիսոփայությունը՝ կապված Հայաստանի ներքաղաքական անցուդարձերի հետ: Անկասկած է, որ սա ոչ այնքան տնտեսագիտական պրոյեկտ է, որքան՝ քաղաքական: Ինչպե՞ս: Շատ պարզ. հրաշալի առիթ է ընձեռնվելու պարգևատրումների մեխանիզմը թարմացնելու, իշխանություններին հավատարիմ ուժերին կամ առանձին գործիչներին նորովի սիրաշահելու, պետության եղած-չեղածը մի հարկի տակ ժողովելու համար: Նորություն չէ՝ ով ապացուցում է իր պիտանելությունն իշխանություններին, անմիջապես արժանանում է համապատասխան պարգևների: Համաձայնե՛ք՝ պետական գույքի սեփականատեր դառնալ կոպեկներով՝ կերազեն անխտիր բոլորը, բոլոր նրանք, ում ձեռքի տակ քիչ թե շատ փող է ֆռռում: Արդյունքում՝ իշխանություններն օգտակարը կմեկտեղեն հաճելիի հետ. մի կողմից՝ պարզերես լինելու տեղ կունենան, մյուս կողմից՝  իշխանական թիմը կհզորանա մի այլ կարգի:

Իսկ հարցը, թե այդ մասնավորեցման գործընթացի վերջում կամ դրա արդյունքում համապատասխան օբյեկտների գլխին ի՞նչ կարող  է գալ կամ որքանո՞վ նույն այդ մասնավորեցման գործընթացը դրականորեն կանդրադառնա դրանց ՕԳԳ-ի վրա, արդեն վեցերորդական հարցի է վերածվում: Հայաստանում թիվ մեկ արժեքն իշխանությունն ու փողն են, իսկ նմանատիպ մանր-մունր հարցերը շատ քչերին են հետաքրքրում՝ ճիշտ և ճիշտ վայրի կապիտալիզմի օրենքներին համահունչ:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ