Ցանկացած մեկն, ով հաճախ է հեռուստացույց դիտում կամ հենց միայն շրջում երևանյան բանուկ փողոցներով, նկատած կլինի, որ բանկային ոլորտին առնչվող գովադների պակաս ամենևին չի զգացվում: Այդ գովազդներից հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում` ասես Հայաստանը համաշխարհային խոշոր բիզնես կենտրոն է, իսկ տնտեսությունն էլ ժամ առ ժամ միայն ծաղկում է ապրում. տարբեր բանկերի կողմից գրեթե շաբաթը մեկ կազմակերպվող ակցիաներ, ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրմանը վերաբերող անհամար գովազդներ, գույնզգույն պլակատներ ու դրանց միջից մարդկանց ժպտացող գեղեցիկ աղջիկներ: Մի խոսքով` իրական ֆանտաստիկա:
Մամուլում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ որոշ բանկերի կողմից գովազդվող ակցիաներն իրականում միֆ են, բլեֆ: Մասնավորապես` կասկածելի իրավիճակ է ստեղծվել հատկապես կապված որոշ վարկատեսակների տոկոսադրույքների հետ. գովազդում են 10-12 %, այնինչ իրականում ամեն բան ուղիղ կրկնակի անգամ ավելի վատ է. ու տոկոսադրույքները հաճախ գերազանցում են 20%-ի շեմը:
Իհարկե, այն, թե ինչու են մասնավոր դրամատներն այդպես վարվում ժողովրդի հետ և կամ որքանով կարելի է այս ամենը թույլատրելի համարել և որքանով` ոչ, խոսակցության այլ թեմա է, բայց այն, որ հարցը գտնվում է Կենտրոնական բանկի կոմպետենտության շրջանակներում, ու ցանկության դեպքում Արթուր Ջավադյանը կարող էր սանձել որոշ բանկերի, սա հաստատ է, անհերքելի: Համաձայնե՛ք` սա ոչ այլ ինչ է, քան ԿԲ անհետևողական քաղաքականության արդյունք ու ամենաթողության մթնոլորտի դաժան հետևանք: Այս երկրում բանկային բիզնեսը վաղուց է վերածվել գերշահույթներ ապահովող գործի, որի պատճառն, ըստ էության, ԿԲ կողմից վարվող քաղաքականությունն է. բանկերին ամենաբարձր մակարդակով թույլատրված է «ծծել ժողովրդի արյունն» ու պարարտանալ այդ թվում նաև կեղծ գովազդների ու իրականությանը չհամապատասխանող ակցիաների գնով, գցել մարդկանց ծուղակն ու հետո փաստի առաջ կանգնեցնել:
Թե մինչև երբ այսպես, իհարկե, միայն կռահել կարելի է: Ցավոք, այսօր ստեղծվել է մի մթնոլորտ, ուր որպես բացարձակ արժեք է ներկայացվում փողն` անկախ այն բանից` այն ձեռք է բերվում խաբեությամբ, թե ազնիվ ճանապարհով:
Մարդիկ բաշարում են` խաբում են, ո՞վ կարող է ինչ ասել. Ջավադյանը սաղ լինի…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ