Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով թուրք զինծառայողների առաջին խումբը ժամանել է մայրաքաղաք Դոհա: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Կատարի իշխանությունները հայտնել են, որ թուրքական զինուժն արդեն մասնակցել է իրականացված առաջին զորավարժություններին:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:
Թուրքական զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի համաձայն երկու երկրի միջև համագործակցության համաձայնագրի, որը ստորագրվել է 2015 թվականին:
Ուշագրավ է, որ Թուրքիայի մեջլիսը նման որոշում է ընդունել այն բանից հետո, ինչ յոթ երկիր (Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Եգիպտոս, Բահրեին, Լիբիա, Եմեն, Մալդիվներ) հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին: Երկրները նման քայլը մեկնաբանել էին նրանով, թե Կատարն աջակցում է ահաբեկչությանն ու ապակայունացնում է իրադրությունն արաբական երկրներում: Հետագայում այդ երկրների թիվն ավելացավ:
Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ էր արել երկխոսության գնալ՝ հայտարարելով, որ պաշտոնական Անկարան շարունակելու է զարգացնել հարաբերությունները Կատարի հետ: Նա նշել էր, որ այդ երկրի դեմ պատժամիջոցների կիրառումը ճիշտ չէ: