Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է հայկական ավիաընկերությունների հայրենանվեր աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, որը նրանք դրսևորում են պատերազմի առաջին օրվանից:

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համագործակցությամբ «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություններն իրականացնում են հումանիտար բեռների տեղափոխումը, իսկ «Արմենիան հելիքոփթըրզ» ընկերությունը կենտրոնացել է վիրավորներին դեպի հոսպիտալներ տեղափոխելու վրա՝ խնայելով մարդկանց առողջության և կյանքերի փրկության համար թանկ րոպեները:

Հայկական ավիաընկերություններն արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ են իրականացրել առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առևտրային հիմունքներով, իսկ որոշները նաև սեփական միջոցների հաշվին: Ծախսերի որոշ մասը հոգում են սփյուռքի մեր հայրենակիցները: «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «Աքիլլա Տեքնիքս», «Հայաէրոնավիգացիա», «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ընկերություններն, իրենց հերթին, մարդասիրական բեռներ տեղափոխող ինքնաթիռների սպասարկման ծառայությունները մատուցում են անվճար: Քաղավիացիայի կոմիտեն արագ և համապարփակ աջակցություն է տրամադրել՝ աշխատանքները սահուն կազմակերպելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

«Ընդհանրապես մոբիլիզացվել է ամբողջ ավիացիան: Շնորհակալություն եմ հայտնում հայկական ավիաընկերություններին, Քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցներին, բոլոր օղակների անձնակազմերին, օդաչուներին, ինժեներներին, անշահախնդիր աշխատող ոլորտի անկախ մասնագետներին՝ բարձր պատասխանատվության, Հայաստանին նվիրվածության և շուրջօրյա ճկուն համագործակցության համար: Հայկական ընկերությունները դարձել են «ազգային ավիափոխադրողներ» և մնացած բոլորի հետ միասին թիկունքի համար կատարում են կարևոր աշխատանք»,- նշել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

 

Հումանիտար բեռնափոխադրումների կազմակերպման նպատակով սփյուռքի հայ համայնքների ներկայացուցիչները կարող են կապվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ. հեռ.՝ +374 10 589 155, էլ.փոստ՝ [email protected]: