ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին դժվար հանդիպումներ են սպասվում Բաքվում, որովհետև Ադրբեջանն, ըստ էության, երեկ և այսօր իր ասելիքը մատուցել ու սպառել է երկխոսության օրակարգը:
Ընդ որում, Ադրբեջանն իր բոլոր քայլերն է կառուցում այն տրամաբանության վրա, որ ստատուս-քվոյի փոփոխությունն իր համար առաջնահերթություն է: Դրան են միտված ադրբեջանա-թուրքական զորավարժությունները Նախիջևանում, Ալիևի վերջին ելույթը Բաքվում` իսլամական երկրների հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը, և անգամ իրադարձություններ, որոնք արտաքուստ որևէ առնչություն չունեն կարգավորման գործընթացի հետ: Օրինակ՝ երբ Ադրբեջանի իրավապահները Թբլիսիում լրագրող են առևանգում, Ալիևը դրանով միջազգային հանրությանը պարզորոշ ցույց է տալիս, թե ինչքան հեռու կարող է գնալ միջազգային պարտավորությունների անտեսման հարցում, եթե դա բխում է իր ռեժիմի շահերից: Բնական է, որ Հայաստանն անընդհատ միջնորդներից պետք է պահանջի հասցեական հայտարարություն: Դա է Հայաստանի` որպես հակամարտության կողմ, պարտականությունը. համանախագահներին, միջազգային հանրությանն ապացուցել, որ Ադրբեջանը սանձազերծում է պատերազմ, և պահանջել ադեկվատ գնահատական Բաքվի գործողություններին: Մինսկի խումբը արձագանքի հարցում դեռ չի կողմնորոշվել: Եթե շարունակեն չնկատելու տալ, թե ինչպես են իրենց հայտարարություններն աղբարկղ նետում, ապա հեղինակությունը վերջնականապես կորցնելու վտանգի առջև կհայտնվեն: Այժմ Մինսկի խումբն ընտրության առջև է` կա՛մ դա գործող կառույց է, սակայն այդ դեպքում պետք է ձայն բարձրացնել, կա՛մ էլ դա բուտաֆոր կառույց է, որի կարծիքը շուտով նույնիսկ լրագրողները բանի տեղ չեն դնի, էլ չխոսելով հակամարտող կողմերի մասին:
Նվազագույնը, ինչին ձգտում է Բաքուն, միջնորդական այսօրվա ձևաչափի փոփոխությունն է, որն էականորեն անդրադառնալու է նաև կարգավորման բովանդակային բաղադրիչի փոփոխության վրա, առնվազն մեծացնում է նոր պատերազմի ռիսկը: Այստեղ էլ մեղքի շատ մեծ բաժին ունի Հայաստանի դիվանագիտությունը, որը հաճախ տուրք է տվել Մոսկվայի պարտադրանքին և կարգավորման գործընթացին մասնակցել է ընդունված միջազգային ձևաչափից դուրս` ռուս-ադրբեջանա-հայկական ֆորմատով:
Բաքուն առայժմ վախենում է լայնամասշտաբ պատերազմից, քանի որ դա կնշանակեր վա-բանկ գնալ: Ապրիլյան «բլից-կրիգի» փորձը կրկնել արդեն հնարավոր չէ: Այժմ Արցախի բանակը մարտական ավելի բարձր մակարդակի պատրաստակամություն ունի, իսկ անարդյունավետ գեներալները զորքերից հեռացված են: Երկարատև պատերազմը պարզապես կոչնչացնի Ադրբեջանի տնտեսությունը. ներդրողները կհեռանան, խողովակները կայրվեն, իսկ բանակին պետք է կերակրել: Ադրբեջանական կողմը ցանկանում է սահմանափակ լարում մտցնել, որպեսզի այն հյուծի հայերին, սակայն չտեղափոխվի այն փուլ, երբ ռազմավարական կետերն «Իսկանդերի» թիրախ կդառնան: Եթե Ադրբեջանը դուրս գա բանակցություններից, ապա Հայաստանը կճանաչի Արցախը, իսկ խաղաղարար առաքելության ամբողջ «քաղցրությունը» կմնա Ռուսաստանին: Այդ իսկ պատճառով Ալիևի գլխին սառը ցնցուղ հիմա է պետք լցնել, այլ ոչ թե՝ հետո, երբ ստիպված լինեն Բաքվից Երևան վազվզել՝ նայելով, թե ինչպես է մի ամբողջ տարածաշրջան աղետի մեջ հայտնվում: Միաժամանակ, շատ ծանր հարցեր են միանգամից առաջ քաշվելու՝ սկսած ՀԱՊԿ-ի բուն գոյության փաստից, վերջացրած պատմական քաղաքակրթական ընտրությունից, որը պետք է կատարել:
Ստելլա Խաչատրյան