Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին այցելել է Մարտակերտի եւ Ասկերանի շրջաններ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Մարտակերտ քաղաքում Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի պատասխանատուների հետ:
Քննարկվել են շրջանում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ գյուղատնտեսության, շինարարության, ենթակառուցվածքների եւ մշակույթի ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Այնուհետեւ Նախագահն Ասկերան շրջկենտրոնում հրավիրել է խորհրդակցություն՝ Ասկերանի եւ Մարտունու շրջաններում կարկտահարության հետեւանքով տուժած գյուղացիներին օգնություն տրամադրելու հարցերի շուրջ:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերը ժամանակին եւ բարձր որակով իրականացնելու եւ առկա խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: