Կրթության տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը կասկածվում է կեղծ փաստաթղթեր ձևակերպելու մեջ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:

«Շենգավիթ համայնքի քննչական բաժնի աշխատակիցները շաբաթ օրն ինձ հրավիրեցին տեսչություն, որպեսզի ստուգեն Սամսոն Սահակյանի սեղանի դարակի պարունակությունը, ինչ-որ արտառոց բաներ չհայտնաբերեցին: Դրանից հետո Սամսոնին որպես կասկածյալ տեղափոխեցին քննչական բաժին, որից հետո բաց թողեցին», - ասաց նա՝ ավելացնելով, որ ձերբակալության մասին տեղեկություններ չունի:

Կարապետյանը նշեց, որ  Սամսոն Սահակյանը չի պատասխանում հեռախոսազանգերին, երեխաներն էլ ասում են, որ տեղեկություններ չունեն նրա մասին: 

Նա նաև նշեց, որ Սահակյանը երկուշաբթի օրվանից էլեկտրոնային նամակով արձակուրդ է ձևակերպել:

Սոնա Հարությունյան