Կառավարության 2017-22 թվականների ծրագրի շուրջ ծավալված քննարկումները, համաձայնե՛ք, ավելին պետք է համարել, քան պարզապես Կառավարության ծրագրային դրույթների շուրջ ընթացող քննարկումներ. այդ քննարկումների կենտրոնում ոչ թե ԱԺ ներկայացրած փաստաթուղթն էր, այլ՝ համապատասխան անձը կամ, եթե կուզեք, անձինք: Տպավորություն է՝ ասես հենց ԱԺ դահլիճում է որոշվում այն, թե ով է 2018-ին դառնալու երկրի վարչապետ. թևերը քշտած հարձակվել են Կարեն Կարապետյանի վրա ու փորձում են նրան հասկացնել, որ զուր տեղն ավելորդ ամբիցիաներ չունենա, քանի որ դա կարող է վտանգավոր լինել: Այս իմաստով չափազանց խոսուն էր հատկապես հունիսի 21-ին ԱԺ-ում տեղի ունեցածը, երբ մի կողմից ընդդիմությունն էր, ի դեմս «Ելք»-ի, կատաղի ճակատամարտի ելել վարչապետի դեմ, մյուս կողմից ՀՀԿ-ն էր Կարապետյանին այդ մարտի դաշում թողել միայնակ՝ ստանձնելով դիտորդի կարգավիճակ՝ այդպիսով հստակորեն արտահայտելով իր վերաբերմունքը Կարեն Կարապետյանի նկատմամբ. ՀՀԿ-ն միայն մեկ առաջնորդ ունի ու դա նախագահն է, ու ոչ ոք այդ թվում և Կարապետյանը, չի կարող երբեք ավելիի ակնկալիք ունենալ: Կարապետյանին  «դժոխք ցույց տալու» ողջ  իմաստը հենց սրանում էր կայանում:

ԱԺ հունիսի 22-ի նիստը ևս, պետք է նկատել, այնքան էլ չէր տարբերվում իր նախորդից՝  լիովին տեղավորվելով նույն տրամաբանության մեջ: Այսպես՝ դիցուք ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում առերևութորեն հակադարձելով ընդդիմադիր «Ելք» դաշինքին, կրկին առիթը բաց չէր թողել ու կատարել էր հայտարարություն, որն այլ բան, քան ՀՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանին տրված  հավատարմության  երդում, ոչ մի կերպ չես համարի: Բաբլոյանը հայտարարել էր. «Այս ծրագիրը մեր կուսակցության և մեր առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն է, և 2018-ին նա կլինի նույնպես մեր առաջնորդը, դա ամենամեծ պաշտոնն է մեծամասնության համար»: Նկատենք, որ  նրա այս հայտարարությունը ծափողջուններով էր ընդունվել ԱԺ դահլիճում ներկա ՀՀԿ պատգամավորների կողմից:

Եթե փորձենք այս ամենն ի մի  բերել ու ապակոդավորել, ապա կստացվի հետևրյալը. ՀՀԿ-ն կառավարության 2017-22 թվականների ծրագրի քննարկումն ընդամենը մեկ բանի ծառայեցրեց՝ Սերժ Սարգսյանի իշխանության ամրապնդմանն՝ ի հաշիվ Կարապետյանի: Վարչապետին բաց տեքստով ու այն էլ բավական կոպտորեն հասկացրին, թե ով է երկրի տերն ու հետայսու ևս ով է շարունակելու մնալ այդպիսին: Հասկացրին, որ եթե նույնիսկ 2018-ից հետո ևս Կարապետյանը շարունակի որոշակի դիրքեր զբաղեցնել Հայաստանում, ապա այդ դիրքն անպայման ստորադասված է լինելու Սերժ Սարգսյանին. վերջինս ազգի հոր դերում է հանդես գալիս, ու բնության մեջ ոչ ոք չի կարող ձեռնոց նետել նրան: Ահա և ԱԺ վերջին թեժ նիստերի բուն իմաստն ու նպատակը...

 Դավիթ ԲԱԲԱՆՈՎ