Առաջիկայում Արցախի ընդդիմությունն՝ ի դեմս «Սահմանադրական Արցախ» հասարակական կազմակերպության, ակտիվ է լինելու հայաստանյան ներքաղաքական գործընթացներում՝ իր խոսքն ասելով հետընտրական Հայաստանում ձևավորված շարժման շրջանակում: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ շարքերից հեռացված, Արցախի ԱԺ անկուսակցական պատգամավոր Վահան Բադասյանը, ով օրեր առաջ միացել էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքին:
Անդրադառնալով իր քաղաքական անցած ուղուն՝ Վահան Բադասյանն ասաց, որ նախքան ՀՀ-ում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները, ամռանն Արցախում տեղի ունեցան սկանդալային քաղաքական իրադարձություններ՝ պայմանավորված Արցախում ընդդիմադիր գործիչ Վիտալի Բալասանյանի թեկնածությամբ: Նա հիշեցրեց, որ ՀՅԴ հայաստանյան կառույցը որոշում էր կայացրել Արցախի նախագահական ընտրություններում սատարել Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, հետո չսատարելու որոշում կայացրեց, որի արդյունքում ծավալված խոսակցությունների հետևանքով Վիտալի Բալասանյանն ու ինքը, որոնք ԱԺ «Դաշնակցության» խմբակցության պատգամավորներ էին, հեռացվեցին խմբակցությունից և դարձան ընդդիմադիր անկախ պատգամավորներ: «Արցախում նախագահական ընտրություններին մեր թեկնածու Վիտալի Բալասանյանին որևէ կուսակցություն, գործիչ չսատարեց, նույնիսկ Դաշնակցությունը: Մենք էլ չարձագանքեցինք հայաստանյան ընտրություններին, որովհետև չգիտեինք, թե ով ինչի համար է թեկնածություն դրել»,- մեկնաբանեց Վահան Բադասյանը:
Սակայն, վերջինիս խոսքով, քանի որ ակնհայտ դարձավ, որ հայ ժողովուրդը վերջապես քսան տարիների ընթացքում վստահության քվե տվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, կանգնեցին ոչ թե «Ժառանգություն» կուսակցության և Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ հայ ժողովրդի կողքին:
Նրա կարծիքով՝ այս պահին հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը մերժում է գործող վարչախմբին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որոնք, նրա համոզմամբ, միմյանց շարունակությունն են:
«Ժողովուրդը ցանկանում է թոթափել այս լուծը: Այսօր ՌԴ-ն տիրապետում է մեր հանքերին, ջրային ռեսուրսներին, ժողովուրդը պետք է վերջապես ազատագրվի, հայ մարդն իր կյանքն ուզում է որոնել օտար տեղերում: Իսկ Հայաստանում տպավորություն է, որ Ղարաբաղը, որպես ֆակտոր, այս վարչախմբին է պաշտպանում, բայց այդ տպավորությունը սխալ է: Ցանկանում եմ, որ կոտրվի այդ տպավորությունը, հայ ժողովուրդը պետք է իմանա, որ սա մեր միասնական հայրենիքն է»,- կարծիք հայտնեց նա:
Վահան Բադասյանն ասաց, որ Հայաստանում գլուխ բարձրացրած շարժմանը միանալու որոշում «Սահմանադրական Արցախ» հասարակական շարժումը կայացրել է՝ Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ: «Այս վարչախմբին փոքրաթիվ մարդիկ են պաշտպանում: Մենք սատարում ենք հայ ժողովրդին, իսկ ժողովրդի ստվար մեծամասնությունը դեմ է վարչախմբին: Մենք առաջիկայում ընտրելու ենք առավել ակտիվ ձևաչափ և որպես կազմակերպություն առավել ակտիվ ենք ներկայանալու Հայաստանում, մասնակցություն ենք ունենալու ոչ միայն հանրահավաքներին, այլև առաջիկայում ժողովրդի կողմից որոշված գործողությունների շրջանակում ենք լինելու ակտիվ: Դեռ կտեսնենք՝ ուր կտանի այս շարժումը, այդ ուղղությամբ էլ ակտիվ կլինենք և մեր խոսքը կասենք»,- իր խոսքն այսպես ավարտեց Վահան Բադասյանը: