Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը:
Հանրահավաքն ուղեկցվում է երգերով, որոնք հնչել են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզչության ընթացքում: Ինչպես Ազատության հրապարակից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, այս պահին ելույթ են ունենում հիմնականում «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամները:
Հանրահավաքը վարում է «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն մոտեցել է խոսափողին եւ ողջունել հավաքվածներին:
Մարտիրոսյանը հայտարարել է, որ իրենց է միացել ՀՅԴ-ն, որի ներկայացուցիչը քիչ անց հանդես կգա հանրահավաքում:
Նշենք, որ ընտրություններում 37 տոկոս ձայն ստացած նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով չի ճանաչում իր պարտությունն ընտրություններում, երեկ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ խոստացել, որ հանդիպման արդյունքների մասին կխոսի այսօր' հանրահավաքում:
Նա հայտնել է, որ մտադիր է փետրվարի 22-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տոնել իր հաղթանակը:
Նշենք, որ հանրահավաքին ներկա է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, նաեւ նախագահի մեկ այլ թեկնածու' Անդրիաս Ղուկասյանը: