Կառավարության  նիստում հաստատման ներկայացվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Իսկ սա առաջին հերթին մի բան է նախատեսում` 2017 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 270 մլն խորանարդ մետր՝ այսինքն՝ օրենքով սահմանվածից 100 մլն խորանարդ մետր ավելի։

Անգամ ամենամիամիտ գյուղացին դժվար թե հավատա, որ այս ամենը կառավարությունն անում է իր առօրյա խնդիրները փոքր ինչ մեղմացնելու նպատակով: Այս որոշման նպատակը բնավ էլ գյուղացիների ոռոգման ջրի հարցը լուծելը չէր: Ինչպես միշտ՝ գյուղացիների դարդերի մասին կառավարությունն այս պահին ամենաքիչն է մտածում: Իհարկե, մեզ բազմաթիվ գեղեցիկ պատճառաբանություններ ու հիմնավորումներ կարող են բերել, բայց մենք էլ կարող մեր հայրենի կառավարությանը մի շարք հարցեր տալ, որոնց պատասխանները նրանք դժվար թե ունենան: Օրինակ՝ ինչո՞վ էին զբազված պատկան մարմինները և ինչո՞ւ մեր երկրում առկա 93 ջրամբարներում ջրի բավարար քանակությամբ պաշարներ չեն կուտակվել, որ հիմա նորից թերացումները ջրելու են Սևանի ջրերով: Նման քանակությամբ ջուր բաց թողնելը հանգեցնելու է նրան, որ Սևանա լճի մակարդակը նվազելու է 84 սանտիմետրով, մինչդեռ՝ ինչպես հիշում ենք, հայրենի պաշտոնյաները մեկը մյուսին հերթ չզիջելով, պապաների արևով էին երդվում, որ Սևանի պահպանման ծրագրով՝ լիճն առաջիկա տարիներին միայն ու միայն մակարդակի աճ է գրանցելու: Յա՜, իրո՞ք:

Իսկ հիմա անդրադառնանք նրան, թե ինչու հանկարծ կառավարությունը որոշեց նման քայլի գնալ: Պատճառը, որքան էլ որ բառախաղ ստացվի՝ ջրի երեսին է: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ սնգուսափայլ օլիգարխների ոչ պակաս սնգուսափայլ օբեկտները գտնվում են հենց Սևանի ափին: Ու մի պահ պատկերացրեք Սևանի մակարդակը բարձրանա ու վերջիններս հանկարծ վնասվեն, բա խեղճերը ո՞նց են դրանից հետո տուն, տեղ, երեխա պահելու: Անշուշտ, նման զարգացումը պետք է կանխել, ինչին էլ ջանասիրաբար լծվել են պատկան մարմինները: Չէ՞ որ օլիգարխիան և նրա սեփականությունը մեր երկրում անձեռնմխելի սրբություն է, որը հարկավոր է կրծքով պաշտպանել ու թքած, թե արդյունքում չի տուժի բնությունը կամ գյուղացին: Բացի դա, ըստ նախնական գնահատականների, ջրերի բացթողումը հնարավորություն կտա Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել շուրջ 97 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա, հետևաբար, մոռացեք թէ՛ Սևանի մասին, թե՛ հողերի ոռոգման մասին. մարդիկ փողի աղբյուր են գտել, իսկ էլեկտրաէներգիան ոչ միայն փող է, այլև շատ փող: Իրենց նպատակը ռուսական ՀԷԿ-ի Սևան-Հրազդան կասկադի էլեկտրաէներգիայի արտադրության ավելացումն է և ռուսական ՀԷԿ-ի համար այժմ էլ Սևանին են կպչում։ Մեր հայրենի կառավարությունը ռուսական ՀԷԿ-ի և հայաստանյան օլիգարխիայի շահերն է պաշտպանում։ Ինչպես ասում են՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Իսկ դուք ասում եք՝ աջակցություն գյուղացուն, Սևանի հիմնախդիրների լուծում, բնապահպանություն…..


Ստելլա Խաչատրյան