Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ուղղաթիռներն ու ինքնաթիռները հունիսի 26-ին թռիչքներ կատարեցին՝ երկնակամարում ցուցադրելով բարձրագույն պիլոտաժի հնարքներ ու այլ հմտություններ: ՀՀ Զինված ուժերի ավիացիայի, ՀՕՊ զորքերի ու ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կազմավորման 25-ամյակի առթիվ Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում օդաչուներն ու պարաշյուտիստները երկնքում պատկերեցին Հայոց եռագույնը:
[gallery id= 59205]
Միջոցառման սկզբում իրենց վարպետությունն օդում ցուցադրեցին հայ օդաչուները, ովքեր ռազմական ինքնաթիռներով և ուղղաթիռներով ցուցադրական թռիչքներ կատարեցին: Այնուհետև պարաշյուտներով երկնքից ցած իջան ԶՈւ ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության մարտիկները:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ջերմորեն շնորհավորելով նշված ուժերի տոնը, ասաց, որ սեփական զինուժ և ռազմական ավանդույթներ ունեցող աշխարհի բոլոր ժողովուրդների համար ռազմական ավիացիան հպարտության և ոգևորության աղբյուր է, ինչպես նաև սեփական երկրի պաշտպանվածության, երկրի մարտունակության և հզորության խորհրդանիշ:
Նրա խոսքով' հայկական ռազմական ավիացիայի տարեդարձը մեր զինվորական տոնացույցում առանձնահատուկ և պատվավոր տեղ է զբաղեցնում: «Սա մի յուրատեսակ տոն է, որն առիթ է հետադարձ հայացք նետելու, վերագնահատելու պատերազմի դժվարին օրերին ստեղծված, հայկական ավիացիայի անցած ճանապարհը, արժևորելու ունեցած ձեռքբերումները և սահմանելու նոր նշաձող առավել նշանակալի ձեռքբերումների հասնելու համար: Այս տոնը նաև մեր ամբողջ հասարակության ուշադրությունը հրավիրում է այն մարդկանց վրա, ում ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ է կազմավորվել հայկական ավիացիան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սարգսյանը' մաղթելով խաղաղ երկինք, անսպառ եռանդ և շարունակական ձեռքբերումներ:
Նախարարի խոսքով' հայկական ավիացիայի մասին խոսելիս անհնար է չհիշել զորատեսակի նվիրյալներին, թոշակի անցած, բայց իրենց աջակցությամբ մեր կողքին մնացող վետերաններին, ովքեր ջանք չեն խնայում զորատեսակի պատիվը բարձր պահելու համար: Սարգսյանը նշեց, որ այս մարդկանց, նրանց ղեկավարների ու ընկերների ջանքերի շնորհիվ է, որ ստեղծվեց ռազմական ավիացիային սնուցող երակը' մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը: Նա ընդգծեց, որ ներկայումս ռազմական ավիացիայի նվաճումների փոխանցիկ դրոշը երիտասարդների ձեռքում է:
«Հպարտ եմ, որ համալսարանը կարելի է անվանել հետազոտական համալսարան, քանի որ այսօր այնտեղ նախագծված և ստեղծված սարքերն են համալրում մեր ԶՈՒ կարիքները: Հույսով և հավատով սպասում ենք, նրանց թարմ գաղափարներին, որոնք ծնունդ կտան զորատեսակի նորանոր ձեռքբերումներին»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի վստահեցմամբ' հայկական ռազմական ավիացիայի անձնակազմը լավ պատրաստված է:
«Հայկական ռազմական ավիացիան ձևավորվել է հայկական բանակին զուգահեռ: Այն արդյունքները, որոնք մենք տեսանք մեր օդաչուների կողմից, փաստում են, որ ունենք լավ պատրաստված անձնակազմ' պատրաստ աջակցելու համազորային ստորաբաժանումներին»,- ասաց Հակոբյանը:
Նախարարը ՀՀ ԶՈՒ ավիացիայի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ պատվոգրեր և պարգևներ հանձնեց անձնակազմին' ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար:
ՀՀ Զինված ուժերի կարեւորագույն զորատեսակներից են ավիացիոն, ՀՕՊ եւ Ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերը: Զինված ուժերի ավիացիան կազմավորվել է 1992-ին՝ հայկական բանակի կազմավորմանը զուգընթաց: