Թուրքիայի ափերը ողողող Էգեյան ծովում հունիսի 26-ի առավոտյան կրկին երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,1 բալ: Այն զգացվել է թուրքական Իզմիր քաղաքում և դրա շրջակայքում:
Էգեյան ծովում վերջին օրերին հաճախակիացել են երկրաշարժերը: Հունիսի 12-ին գրանցվել էր 6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել է նաև թուրքական մի շարք քաղաքներում՝ Ստամբուլում, Իզմիրում, Բուրսայում: Երկրակեղևի ցնցումները խուճապ էին առաջացրել Իզմիրի բնակիչների շրջանում: Նրանցից շատերը սոցիալական ցանցերում գրառում էին կատարել՝ հայտնելով, թե ինչ ուժեղ են ցնցվել: Շատ քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ:
Երկրաշարժ էր գրանցվել նաև հունիսի 14-ին, որը զգացվել էր Թուրքիայի Իզմիր քաղաքում: Երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 4,5 մագնիտուդ: Այնուհետև երկրաշարժ էր գրանցվել նաև հունիսի 15-ին՝ 4,2 բալ ուժգնությամբ: