Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի գործով հերթական դատավարությունը, որը պարբերաբար ընդմիջվում է:
Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, դիմեց Փաստաբանների պալատին՝ պաշտպաններ Տիգրան Հայրապետյանի ու Արայիկ Պապիկյանի հանդեպ ևս դատական սանկցիա կիրառելու առաջարկով:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց՝ որքանով ինքն է հասկացել, դատարանը դիմել է Փաստաբանների պալատ՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար. «Ինձ պատասխանատվության ենթարկելու վերջնական որոշումը պետք է կայացնի Փաստաբանների պալատը»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ դատական նիստին չի մասնակցում՝ դրամապանակը ցույց տալուց հրաժարվելու պատճառով. «Դրամապանակն արգելված իր են դիտարկում և պահանջում են, որ ցույց տամ այն: Դրամապանակը ցույց տալն ավելի ստորացուցիչ է, քան եթե պայուսակս խուզարկեին: Սցենար ունեն գրված. բոլոր մարդկանց, որոնք փորձում են արդարություն պահանջել, ստորացնում են: Փաստաբանների հետ վարվում են ամենաստոր ձևով: Ցանկացած շարքային քաղաքացի՝ իրավունք ունի չվստահելու այս համակարգին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ փաստաբանների նկատմամբ պարբերաբար սանկցիաներ կիրառելով, փորձում են ցույց տալ, որ դատավարություն է ընթանում, սակայն հնարավոր բոլոր կանոնները խախտելով են նիստեր վարում:
Նշենք, որ պաշտպան Տիգրան Եգորյանի հանդեպ արդեն կիրառվել էր դատական սանկցիա:
Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել: Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Սոնա Հարությունյան