ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց, որ քանի դեռ մեր հակառակորդ Ադրբեջանը չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները, բանակցությունների մասին խոսելն անիմաստ է. «Քանի դեռ բանակցությունների համար չկա համապատասխան մթնոլորտ, դրանց մասին խոսելն ուղղակի անիմաստ է: Բանակցությունները սկսելու հաար է, որ միջնորդներն անընդհատ բարձրացնում են ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու անհրաժեշտությունը»,-ասաց նա:
Շավարշ Քոչարյանի փոխանցմամբ՝ երբ հակառակորդը կրակում է, սադրանքների է դիմում, հնարավոր չէ բանակցային սեղանի շուրջ գնալ առաջ. «Խնդիրն այն դաշտում է, որ նա պետք է իրականացնի այն, ինչ ստանձնել է Վիեննայում, իսկ այն, որ նա արհամարհում է և ավելին՝ անում է հակառակը, դա արդեն այլ խնդիր է»,-ասաց արտաքին գերատեսչության փոխնախարարը՝ վստահեցնելով, որ ստեղծված իրավիճակում արդեն պետք է գործեն արցախյան հարցի կարգավորման պարտավորությունները ստանձնած միջնորդները՝ Ալիևին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար:
Շավարշ Քոչարյանը խոսեց նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկու կողմից արված մի շարք առաջարկների վերաբերյալ: Կարևորելով դեսպանի կողմից արտաքին քաղաքականության մեջ հանրային սեկտորի ակտիվ ներգրավվածությունը՝ ՀՀ ԱԳՆ փոխնախարարը նշեց, որ ինքը նույնպես կարևորում է այդ հանգամանքը և հանրային սեկտորը պետք է ակտիվորեն մասնակցի արտաքին քաղաաքականության վերաբերյալ քննարկումներին. Հանրային սեկտորը պետք է ներգրավվի, բայց կան հարցեր, օրինակ՝ ինչ սկզբունքով են նրանք աշխատելու և այլն, և մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցության առաջարկ` դարձնել քննարկումների առարկա:
Աղավնի Սուքիասյան