ՀՀ կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ երկրատեղեկատվական համակարգերի ներդրմանը: Նա հիշեցրեց՝ 2016 թվականին նախաձեռնվել են տնտեսության տարբեր ոլորտներում ճյուղային երկրատեղեկատվական համակարգերի ներդրման ծրագրեր։
«Երեքշաբաթյա ժամկետում ուսումնասիրել ու անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել առկա թվային քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկատվություն»,- գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ օգոստոս ամսից արդեն համակարգերը հասանելի կլինեն նաև Գյումրի քաղաքում, տարեվերջին՝ Վանաձորում:
Նա ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց ՏԻՄ-երի կողմից ապահովել տեղեկությունների հավաքագրումը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների ու տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում անշարժ գույքի պետական կոմիտե ներկայացնել իրենց տնօրինման տակ գտնվող կամ շահագործման հանձնված գծային ենթակառուցվածքների նյութերը, իսկ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց տվյալները ստանալուն պես, տասնօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
«Շատ շահագրգռված ենք, որ օգտատերերը այդ համակարգից առաջարկություններ անեն, թե ինչն է պետք բարելավել։ Այսօր Երևանում ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ ենթակառուցվածքներին միանալու դեպքում կարող է այդ համակարգից օգտվել ու հասկանալ՝ այս հասցեով ինքն ինչքան հնարավորություն ունի կիլովատ ստանալու, գազ, ջուր ստանալու»,- ասաց Կարեն Կարապետյանը։