ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում քննարկման ընթացակարգ է իրականացվում՝ փաստաբանների խուզարկության առումով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Այդ առումով պարզաբանումներ պահանջվել են դատական դեպարտամենտից՝ կապված զննություն, խուզարկություն հասկացությունների հետ: Մեկ բան հստակ է՝ անձնական խուզարկության ենթարկել փաստաբանին՝ անմիջականորեն պարտականությունները կատարելիս, անթույլատրելի է», - նշեց նա:
Թաթոյանն ընդգծեց՝ իր համար խորքային խնդիրն այն է, որ այս պրակտիկայի արդյունքում խախտվում են վստահորդների իրավունքները։
«Ես ի պաշտոնե՝ մարդու իրավունքների պաշտպան եմ և պարտավոր եմ օրենքով աշխատել։ Իսկ օրենքը պահանջում է քննարկման ընթացակարգի արդյունքում տալ գնահատական և հիմա չեմ կարող խախտել օրենքը: Նաև անթույլատրելի եմ համարում խտրականության որևէ դրսևորում, դրա համար գնահատական կտանք քննարկման արդյունքից հետո», - ասաց Թաթոյանը։
Անդրադառնալով «Սասնա ծռերի» անդամներից մի քանիսին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկություններին, ՄԻՊ-ը նշեց, որ հաղորդումներ ունեն բռնության գործադրման հետ կապված և դրանց հիման վրա գիշերվանից սկսած իրականացվում են այցերը: