Ղարաբաղյան հակամարտությունում Իսրայելի ներգրավվածությունը կհանգեցնի բացասական հետևանքների՝ հայտարարել է Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին Սեուլում Եվրասիայի երկրների խորհրդարանների նախագահների հանդիպման շրջանակում:
Լարիջանին վստահություն է արտահայտել առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է լուծվի առանց արտաքին միջամտության։ Իսրայելն, ինչպես հայտնի է, հանդիսանում է Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարը։ Բացի այդ, Երուսաղեմը բազմիցս հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունում Բաքվի դիրքորոշմանն աջակցելու մասին, և մեղմ ասած` Հայաստանի հետ հարաբերությունները ոչ բարեկամական են: Պաշտոնական Թեհրանի դիրքորոշումն անփոփոխ է: Մշտապես` անգամ ղարաբաղյան պատերազմի թեժ շրջանում, Իրանը ձգտել է միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ավելին` Թեհրանը մշտապես դեմ է եղել պատերազմի բռնկմանը և խաղաղապահների տեղակայմանն այս տարածաշրջանում: Բայց այստեղ կա նաև այլ հանգամանք. Թեհրանին, մեղմ ասած, դուր չի գալիս Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների խորությունը, ավելին` այդ հարաբերությունների համատեքստում հնարավոր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ: Ադրբեջանի իշխանությունները, Իսրայելի հետ համագործակցությամբ, մոտենում են այն կարմիր գծին, որից այն կողմ Իրանի վրդովմունքը և գործողությունները զսպելը չափազանց դժվար կլինի, որովհետև թե՛ 2016թ. դեկտեմբերին Իսրայելի վարչապետի այցը Բաքու, թե՛ այս տարվա ընթացքում զանազան հանդիպումները Ադրբեջանի և Իսրայելի միջև, իսրայելցի փորձագետների, նախկին դիվանագետների հայտարարություններն առ այն, որ Իսրայելը պատրաստվում է ամենաարդիական սպառազինությունը տրամադրել Բաքվի բռնապետի վարչակարգին, լրջորեն անհանգստացրել են նաև Իրանին: Նշված սպառազինությունը կամ ադրբեջանա-իսրայելական գործակցությունն այլ ոլորտներում շատ դեպքերում ուղղված են Իրանի դեմ: Միևնույն սպառազինությունը, որը կարող է կիրառվել արցախյան հակամարտության գոտում, նույն հաջողությամբ գործածվում է Իրանի դեմ, հետևաբար, իրանցիները խիստ անհանգստացած են այս փաստով և ձեռնարկում են քայլեր նաև դիվանագիտական հարթության մեջ՝ զանազան հայտարարությունների տեսքով:
2017թ. հունվար ամսին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Իրան կատարած այցով ակնհայտ դարձավ, որ Արցախի հարցի շուրջ լուրջ խնդիրներ կան Իրանի և Իսրայելի միջև: Դա բաց տեքստով ասվել էր ՀՀ պաշտպանության նախարարին, ու թեև այդ հակասությունների մասին վաղուց գիտեինք, բայց առաջին անգամ պաշտոնական մակարդակում հայտարարվեց այդ մասին։ Մենք գիտենք, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինելը, առաջին հերթին նպատակ է հետապնդում Իրանի համար հյուսիսում լրջագույն խնդիր ստեղծել։ Պաշտոնական Թեհրանի բավական կոշտ արձագանքը նշանակում է, որ Իրանն առնվազն հետաքրքրված է, որպեսզի Հարավային Կովկասում և առաջին հերթին՝ արցախյան հակամարտության գոտում լարվածության աճը բացառվի:
Ստելլա Խաչատրյան