Համբուրգ քաղաքում կայանալիք G-20 գագաթնաժողովին մասնակցել պատրաստվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա կմեկնի 250 հոգանոց պատվիրակությամբ: Պատվիրակության անդամների ցուցակը թուրքական կողմը հանձնել է Գերմանիայի իշխանություններին: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Լրատվամիջոցը թուրքական ու գերմանական դիվանագիտական աղբյուրներից պարզել է, որ պատվիրակության կազմում կա հինգ նախարար և ավելի քան 60 ոստիկան:

Պաշտոնական Անկարան անցնող շաբաթվա ընթացքում ինքնակամ թարմացրել է պատվիրակության մեջ ընդգրկված անդամների ցուցակը՝ հանելով այդտեղից Էրդողանի թիկնազորի այն անդամներին, ովքեր հետախուզման մեջ են հայտարարված Միացյալ Նահանգներում:

Համբուրգ քաղաքի ոստիկանության պետ Ռալֆ Մարտին Մեյերը հայտարարել էր, որ եթե G-20 գագաթնաժողովի շրջանակում Գերմանիա ժամանած Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորի անդամները, ովքեր ԱՄՆ-ում հետախուզման մեջ են հայտարարված, ծեծկռտուք սկսեն, ապա իրենք պատրաստ են դիմելու ցանկացած միջոցի՝ ընդհուպ մինչև ձերբակալության:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից էլ պաշտոնական Անկարային հայտնել էին, որ չեն ցանկանում իրենց երկրում տեսնել Էրդողանի թիկնազորի այն 12 անդամներին, ովքեր Վաշինգտոնում հարձակվել էին ցուցարարների վրա և ում նկատմամբ կա կալանքի որոշում:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:

Հարձակմանը մասնակից ԱՄՆ երկու թուրք քաղաքացի արդեն ձերբակալված են: