«Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը «Մեծ տարի գրաքննության համար» հեգնական արշավ է սկսել, որտեղ 12 երկրների առաջնորդների թվում, որոնք «ԶԼՄ-ների նկատմամբ հաղթանակ են տոնում», նշված են նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով կազմակերպության կայքը, Ադրբեջանի հարցում «Լրագրողներն առանց սահմաններին»-ն նշում է, որ այդ երկրում 7 լրագրող գտնվում է բանտում, իսկ անկախ հեռուստաալիքներ ընդհանրապես չկան: Բազմաթիվ անկախ լրագրողներ գտնվում են վտարանդիության մեջ, երկրում մնացածների դեմ հարձակումներ են իրագործվում: Ավելին՝ շեշտվում է, որ ճնշումների են ենթարկվում ոչ միայն լրագրողները, այլ նաև նրանց ընտանիքի անդամները:
Կազմակերպությունը նշում է, որ Թուրքիայում հազարից ավելի դատական գործեր են ընթանում «նախագահին վիրավորելու մասին». 100-ից ավելի լրագրողներ գտնվում են կալանավայրերում, իսկ հրատարակությունների խմբագրություններում ոստիկանական արշավներ են անցկացվում: Բացի այդ, լրագրողներին աշխատանքից ազատում են «թվիթ»-ների համար, իսկ մի շարք արտասահմանյան լրագրողների արգելված է երկիր մուտքը:
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին զուգահեռ կազմակերպությունն իր հեգնական արշավն ուղղել է նաև Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդի, Էրիթրեիայի առաջին նախագահ Իսայասա Աֆավերքի, Եգիպտոսի նախագահ Աբդուլ-Ֆաթթահ Հալիլ Աս-Սիսիի, Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչայի, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի, Իրանի գերագույն ղեկավար այաթոլլահ Սեյիդ Ալի Հոսեյնի Խամենեիի, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի, Բուրունդուի նախագահ Պիեր Նկուրունզիզայի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի դեմ: