Թուրքիայի վարչապետի պաշտոնում 11 տարի շարունակ արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետ ձեռք ձեռքի տված զուգահեռ շարժվող այդ երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ի կոռուպցիոն սկանդալից հետո պատերազմ է սկսել «գյուլենական համայնքի» դեմ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը' նշելով, որ ամեն ելույթում «վերացնելու ենք Գյուլենի որջերը» մռնչացող Էրդողանը այժմ էլ Գյուլենից խլել է ժամանակին նրա հետ միասին բացած Bank Asya բանկը:
Թերթը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե այդ բանկի բացման ժամանակ Էրդողանն ինչպես էր ջանքեր գործադրում այսօր իր կողմից «դավաճան» հայտարարված Ֆաթուլլահ Գյուլենին մոտենալու եւ նրա ձեռքը սեղմելու համար:
Ֆաթուլլահ Գյուլենի հետ Էրդողանի հարաբերությունները փչացել են այն բանից հետո, երբ 2013 թվականի դեկտեմբերին 17-ին երկրի իրապահ մարմինները բացահայտեցին նրա որդու, դստեր եւ փեսայի' միլիարդավոր դոլարների հասնող կոռուպցիոն գործարքները, որից հետո Էրդողանը հայտարարեց, որ դրա հետեւոմ կանգնած է Ֆաթուլլահ Գյուլենի համայնքը, որը ցանկանում է տապալել իր կառավարությունը:
Էրդողանը նման կերպ է վարվել նաեւ ժամանակին իրեն բարեկամ եւ ընկեր հայտարարած Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: