«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը հատուկ ջանքեր է գործադրում՝ շաբաթ օրվա երթը հնարավորինս մարդաշատ անելու համար։ Հրահանգվել է մարզպետներին՝ ավտոբուսներով մարդիկ տեղափոխել Հանրապետության հրապարակ, որտեղից կմեկնարկի Եռաբլուր քայլերթը։
Լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլ»-ի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր վաղեմի ընկեր՝ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի հետ եւս դրանով է զբաղված: Ներգրավում են պատերազմի այն մասնակիցներին, ովքեր ինչ-որ խախտումներ ունեն՝ նահանջել են կամ հարկադրված թողել դիրքը։ Սպառնում են, որ դասալքության հիմքով քրեական գործեր կհարուցեն, եթե դեկտեմբերի 19-ի երթին չգան։
Ինչ վերաբերում է երթը Փաշինյանի կողմից առաջնորդելուն, ասում են, որ դա կախված կլինի այն բանից, թե որքան մարդ կհավաքվի, եթե մի քանի հազար, ապա Փաշինյանը, թեկուզ վերջին պահին, կիջնի կառավարության իր կաբինետից, կառաջնորդի երթը՝ հանրությանը ցուցադրելով, որ այդքան աջակիցներ ունի, եւ հենց դա է «ժողովուրդը»։ Իսկ եթե ոչ, ապա բազում հարգելի պատճառներ կբերվեն։ Չնայած հոր թաղումը կայանալու է այսօր՝ դեկտեմբերի 18-ին»: