Գերմանիան պաշտոնապես արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող ռազմական բախումներին՝ մտահոգություն հայտնելով այդ կապակցությամբ և կոչ անելով կողմերին խաղաղ երկխոսության։ Իսկ ինչպիսի՞ն է Գերմանիայի հայ համայնքի վերաբերմունքն այդ ամենին, Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիայի մասին իրազեկման ու դատապարտման ուղղությամբ ի՞նչ միջոցառումներ են իրականացվել և իրականացվելու։
«Առայժմ ամեն ինչ դեռ նոր է, հնչում են կոչեր Քյոլնում և Բեռլինում ցույցեր կազմակերպելու ուղղությամբ, բոլորը շատ ոգևորված են երեկ գիշեր ԱԺ շենքի առջև ժողովրդի ընդվզման հանրահավաքից, վերջապես հայ ժողովուրդը 90-աններից հետո առաջին անգամ ոտքի կանգնեց՝ պահանջելով իրենց խլված իշխանությունը ետ բերել»։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց պրոֆեսոր Ավետիս Սադոյանը (Բեռլին): Նրա խոսքով, և՛ Փաշինյանը, և՛ Ալիևն ու Էրդողանը վախենում են մի բանից՝ հայ ժողովրդի զարթոնքից։
«Որ օրը ժողովուրդը ոտքը գետնին խփեց ու ասեց՝ բա՛վ է իմ անունից խոսեք, ես եմ լիգիտիմ իշխանության միակ աղբյուրը, ես որոշում եմ, որ սահմանային զիջումներ չեն լինելու, ես որոշում եմ, որ ոմն մեկի նկարած վեց հարյուր հազար ընտրող թիվը հիմք չէ ճանաչելու Նիկոլին որպես իմ լեգիտիմ ներկայացուցիչ, ես ցանկանում են ապրել ազատ, իմ հարևանների հետ խաղաղ, տեսնել Արցախի անկախությունն ու միջազգային ճանաչումը՝ որպես միջազգային օրենքի սուբյեկտ, որ պահին ժողովուրդը դա գիտակցեց, նույն պահին դա կիրականանա»,-ընդգծեց մեր գերմանաբնակ պրոֆեսորը։
Արա Ալոյան