Մինչ հայաստանյան իշխանությունները շարունակում են տարփողել Խաղաղության դարաշրջանի մասին իրենց քաղաքականությունը, և մինչ միջազգային ուժային կենտրոնները փորձում են Արցախի հիմնահարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է վերջնագրերով խոսել ոչ միայն հայկական կողմի, այլև համաշխարհային հանրության հետ։
Այսպես, հարևան երկրի բռնապետն այսօր հայտարարել է, որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած «Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը Ադրբեջանի քաղաքացիներն են», և Բաքուն, իբր, մտադիր չէ միջազգային ոչ մի կենտրոնի հետ քննարկել, թե ինչպես կազմակերպել նրանց կյանքը:
Ի դեպ, «Արցախում ապրող հայեր» համանման վտանգավոր տերմին շրջանառում են նաև ՀՀ իշխանության բարձրագույն ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ անցյալ այս սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի համափարփակ կարգավորման անհրաժեշտությանը, ասել էր, մասնավորապես, հետևյալը. «Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն»։
Այս կապակցությամբ, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշել էր՝ գործ ունենք իր ինքնորոշման իրավունքն իրացրած ժողովրդի հետ, հետևաբար և՛ քաղաքագիտական, և՛ իրավագիտական տեսանկյունից նպատակահարմար է օգտագործել «Արցախի ժողովուրդ» կամ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթը։
Բացի այդ, Ալիևն ասել է, թե հայկական հսկողության տակ լինելու տարիներին Ղարաբաղի անկախությունը աշխարհում ոչ մեկը չի ճանաչել, այդ թվում՝ Հայաստանը:
Այս թեզն էլ ուղղակի, թե անուղղակի ձևով, հաստատում է Երևանը, որն, ըստ էության, «ձեռքերը լվացել է» Արցախից, Արցախի հիմնախնդրից ու արցախահայության, և որի մասին, ի դեպ, բազմիցս ահազանգել են բուն Արցախում։
Արա Ալոյան