ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանելով ՀՀ վարչապետի խոսքերը, Gazeta.Ru-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանին անվանել է խաբեբա և սրիկա։

«Փաշինյանը ստախոս է և սրիկա, որը փորձում է հայ ժողովրդի զայրույթն ուղղել Ռուսաստանի դեմ՝ ձախողելով և կորցնելով այն ամենը, ինչի համար երկար տարիներ պայքարել են իր նախորդները և համայն հայ ժողովուրդը»,- ընդգծել է Զատուլինը

Պատասխանելով հարցին՝ կարելի՞ է համարել, որ երկու երկրները, որոնց մասին խոսել է Փաշինյանը, Ռուսաստանն ու Բելառուսն են, պատգամավորն ընդգծել է, որ նման կարծիքն իրավաչափ է։ «Եվ, իմ կարծիքով, դա կռահելու բան էլ չի»,- եզրափակել է ՌԴ Պետդումայի պատգամավորը։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ժամին հայտարարել էր, թե ճանաչում է ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկրների, որոնք, իր գնահատմամբ, մասնակցել են հայկական կողմի դեմ պատերազմի նախապատրաստմանը՝ իմիտացիա ստեղծելով, թե ցանկանում են օգնել ՀՀ-ին: