Անհայտ կայքում, անհայտ աղբյուրից ինչ-որ ձայնագրություններ են տարածվել ու մենք Հանրայինով պիտի քննարկենք, պիտի պաշտպանվեմ կամ փորձեմ պաշտպանել Գերասիմ Վարդանյանին առանց իմանալու՝ դրանք ճի՞շտ են, թե՞ ոչ, Վարդանյանի ձայնն այդտեղ կա՞, ինչքանո՞վ կա։ Խոսում ենք այն մարդու մասին, ով հիմա բանտում է, կալանքի տակ է, տեսակցությունները փակ են ու ինքը տեխնիկապես հնարավորություն չունի որևէ ձև մեկնաբանելու։ Առաջին ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նա խորը կասկած է հայտնել, որ այդ ձայնագրությունները իրական են և մոնտաժված չեն, ընդգծել, որ Դաշնակցության Հայաստանի հանրային կապերի գրասենյակը հենց այդ իսկության փաստին է արձագանքել։
«Այդ ձայնագրություններն ստեղծողները, դրանց տարածմանը կապ ունեցողները պիտի արժանան քրեաիրավական գնահատականի և քրեորեն պատժվեն։ Ես որևէ հիմք չունեմ հավատալու, որ դրանք իսկություն են, բայց մարդուն իրավունք չունեն ձայնագրելու։ Այդ ապօրինի ձայնագրությունները դատարանում որպես ապացույց չեն դիտարկվում, որովհետև մարդուն չեն կարող ապօրինի ձայնագրել ու հետո դա օգտագործել իր դեմ»։ Վարդանյանը անիմաստ է համարում Հանրայինով ինչ-որ ձայնագրություններ քննարկելը, երբ տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, սահմանազատման-գծման անվան տակ տարածքների հանձնում է տեղի ունենում առանց սահմանադրական նորմը պահպանելու, և ասում են, որ Տավուշում տեղի ունեցածը պետք է տեղի ունենա նաև Սյունիքում։
Պատասխանելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքի, մարել-չմարելու և պառակտման մասին հարցին՝ Վարդանյանը նշել է, որ հիմք չունի մտածելու, որ այն պառակտված է։ «Ես ավելի կարևոր ելակետ ունեմ՝ այն շարժումը, որն իմ համար ձևակերպել է լրիվ, միանգամայն ընդունելի նպատակադրումներ, ներկայացրել է իր պահանջները, ստացել է հանրային լայն աջակցություն։ Հիմա հայտարարել է, որ վերադասավորման խնդիր ունի։ Ես այդտեղ ոչ միայն որևէ խնդիր չեմ տեսնում, այլ բա ո՞նց պիտի լիներ։ Մենք տարիներ շարունակ հայտարարում ենք, որ պայքարում ենք թշնամական համակարգի դեմ, ունի բազմաթիվ մեծ ռեսուրսներ և քո դեմ գործում է, իսկապես քեզ թիրախավորում է որպես թշնամի։ Ես իլյուզիա չունեմ, որ այդ համակարգի դեմ պայքարը մեկ օր, երկու օր, մեկ շաբաթվա հարց է» ,-հայտնել է ընդդիմադիր պատգամավորը։
Հարցին՝ թե երկրի իշխանությունները թշնամակա՞ն համակարգ են, Վարդանյանն ընդգծել է․ «Երկրի իշխանությունները ինձ, արցախցիներին, դաշնակցականներին, իրենց դեմ պայքարողներին հռչակել են թշնամի։ Մեր դեմ խոսում են նույն հռետորիկայով, ինչ Ադրբեջանն է խոսում։ Մեր հետ վարվում են նույն կերպ, ոնց որ Ադրբեջանն է վարվում Ադրբեջանը՝ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի։ Այստեղ արդեն, իրենց և Ադրբեջանի գործողություններում՝ մեր նկատմամբ, որևէ տարընթերցում, տարաձայնություն չկա։ Հետևապես, եթե քո հետ վրավում են որպես թշնամի, ավելի լավ է ընդունես, որ այդպես էլ քեզ թիրապավորում են ու հասկանաս, թե ինչ համակարգի դեմ ես պայքարում։ Ինձ համար այս պայքարն ավարտ ունի միայն այն ժամանակ, երբ որ մենք կկարողնանաք դա ավարտին հասցնել, երբ որ կկարողանա Հայաստանում այս ամոթի ու խարանի էջը փոխվել։ Իսկ մինչ այդ բոլոր վերադասավորումները, մարտավարության փոփոխություններն ինձ համար միանգամայն ընդունելի և հասկանալի են»...։