Վերջին շրջանում ամենալայն քննարկման առարկա դարձած թեմաներից մեկն էլ Հայաստան-Արևմուտք հարաբերություններն են դարձել` իրենց բոլոր ասպեկտներով հանդերձ: Շատերը նկատած կլինեն, որ Հայաստանում Արևուտքը բավական ակտիվ գործողություններ է սկսել ձեռնարկել`փորձելով այստեղ հասնել սեփական դիրքերի ամրապնդմանը: Ճիշտ է`սկսզբնական շրջանում թվում էր, թե հայաստանյան իշխանությունները, ելնելով բոլորին հայտնի իրողություններից, փորձում են կասեցնել համապատասխան պրոցեսները,սակայն, դատելով եկող ազդանշաններից, մերոնք այլևս որոշել են դուռը չգոցել արևմտյան գործընկերների առջև:

Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանություն`շնորհավորելով դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանության աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի առթիվ: Երբ ուսումնասիրում ես շնորհավորական ուղերձը,  այնտեղ տեղ գտած որոշ նյուանսներից պարզ է դառնում,որ Հայաստանը կարծես զգուշավորությամբ փորձում է  իր դռները բացել ամերիկյան կապիտալի առջև: «Մենք մեծապես արժևորում ենք ԱՄՆ հետ մեր ամուր բարեկամությունն ու սերտ համագործակցությունը: Համագործակցության առաջխաղացման համար  ունենք լավ հարթակներ՝  Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը և Ներդրումների ու առևտրի շրջանակային համաձայնագրի խորհուրդը, որոնք կարող են լինել ավելի արդյունավետ: Լիահույս ենք, որ մենք, այս հարթակներն օգտագործելով, կարող ենք նպաստել ամերիկյան ներդրումները դեպի Հայաստան բերելու գործընթացին: Հայաստանը բարձր է գնահատում այն  դերակատարությունը, որը Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ունի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,-Հայաստանի կառավարության և իր անունից շնորհավորական ուղերձ հղելով Միլսին`ոչ երկիմաստ կերպով հայտարարել է վարչապետը:

Պետք է նկատել,որ հենց այս տողերում է պարփակված ուղերձի հիմնական ասելիքը: Այն,թերևս, հետևյալն է` Հայաստանն այսուհետև ԱՄՆ հետ ավելի բաց հարաբերություններ կառուցելու կողմնակից է: Երևանը ցանկանում է Վաշինգտոնին տեսնել իր հիմնական տնտեսական գործընկերների շարքում: Հայաստանը բացվում է ամերկյան կապիտալի առջև`հետապնդելով մեկ հիմնական նպատակ. ԱՄՆ պետք է շարունակի արցախյան հարցում հանդես գալ որպես Ադրբեջանին զսպող կողմ` թույլ չտալու տարածաշրջանում մեծ պայթյուն: Սա,ըստ էության այն գինն է,որը ԱՄՆ պետք է վճարի`«պատիվ ունենալու» ներգրավվելու Հայաստանի տնտեսության մեջ,որի առյուծի բաժինն,ինչպես հայտնի է,գտնվում է ռուսական ազդեցության տակ: Հայաստանը,փաստորեն, այսպիսով փորձում է նախադրյալներ ստեղծելլ Արևմուտք-ԵՏՄ տնտեսական համագործակցության պարարտ հող դառնալու համար,ինչի մասին բազմիցս է նշվել. Հայաստանի նպատակը ոչ թե կռվախնձոր դառնալն է,այլ` ուժային կենտրոնների միջև համագործակցության յուրատեսակ հարթակ հանդիսանալը,ինչը մի կողմից կզարգացնի տնտեսությունը,մյուս կողմից անվտանգության հավելյալ երաշխիքներ կստեղծի արցախյան հարցում:Սա,եթե կուզեք, Հայաստանի համար այն միակ իդեալական տարբերակն է,որի պայմաններում միայն հնարավոր կդառնա զարգացում ապրել:

Սակայն այս ամենում մի շատ հատկանշական բան ևս կա: Պակաս խոսուն ու կաևոր հանգամանք չէ նաև այն,որ այս ուղերձը հղվում է հենց Կարեն Կարապետյանի կողմից`մեկի,ով, թվում էր, ամենաքիչը պետք է շահագրգռված լիներ Հայաստան-Արևմուտք հարաբերությունների առաջընթացի հարցում. գաղտնիք չէ,թե ում ջանքերի շնորհիվ է  նա այսօր վարչապետ և կամ ինչ կոնկրետ հանձնարարականով է նա ժամանել հայրենիք: Ուստի` միակ հետևությունը, որ կարելի է անել, հետևյալն է` Մոսկվան ևս,հասկանալով Անդրկովկասում ստեղծված խիստ փխրուն ռազմաքաղաքական իրավիճակը, փորձում է ձեռնպահ մնալ ԱՄՆ-ին «խռիկ տալուց»`հրաշալիորեն հասկանալով դրա հնարավոր հետևանքները: Հետևաբար` ելնելով հենց միայն իր նեղ շահերից` փորձում է բարեկամական ժեստ կատարել Արևմուտքի հանդեպ` հույսով, որ վերջինս ձեռնպահ կմնա Անդրկովկասից երկրորդ Մերձավոր Արևելք ծեփելու վտանգավոր քայլից:Իրականում Հայաստանում քիչ ոլորտներ կան,ուր Արևմուտքը կարող է հաջողությամբ տնտեսական ծրագրեր իրականացնել,ուստի Մոսկվայի համար վտանգն այդ առումով այնքան էլ զգալի չէ. մի փոքր զիջելով իր արևմտյան գործընկերներին`Կրեմլը ձեռք է բերում շատ ավելին:

Իսկ այն, թե իրական կյանքում ինչպես կդրսևորվի հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը, և կամ այն որքանով իրապես կնպաստի մեր երկրի տնտեսական առաջընթացին,թերևս,կարող է միայն ապագան ցույց տալ,բայց որ միայն այդ ներդրումները բավարար չեն լինելու Հայաստանն առաջ մղելու համար,անկասկած է. երկիրը ներսից պետք է բարեփոխվի, որպեսզի տնտեսական էֆեկը հնարավորինս մաքսիմալ կերպով զգալի դառնա:

 

Դաբիթ ԲԱԲԱՆՈՎ