Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ակտիվորեն քննարկվում է Իսրայելի տարածաշրջանային նախարարի եռօրյա այցը Հայաստան՝ երկու երկրների հնարավոր համագործակցության համատեքստում: Հպանցիկ հայացք գցելով ՀՀ-Իսրայել հարաբերությունների ներկա վիճակի վրա, կարելի է արձանագրել հետևյալը. երկկողմանի ապրանքաշրջանառության մասին խոսելն անգամ անիմաստ է, թվերն աննշան են ու անբավարար այն դեպքում, երբ հարևան Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելի ածխաջրածինների գլխավոր մատակարարը: Առհասարակ, ապրանքաշրջանառությունն ու քաղաքական երկկողմանի փոխհարաբերությունները միմյանց հետ սերտ կապված են: Միջպետական ջերմ հարաբերությունները կարող են փոխադարձ առևտրի համար բարենպաստ հող ծառայել և հակառակը՝ ապրանքաշրջանառության պոտենցիալ շահույթը պետք է դառնա լուրջ ազդակ՝ երկկողմանի հարաբերություններ զարգացնելու համար: Երկու երկրների հարաբերությունների միջև լարվածության մյուս, ոչ պակաս կարևոր պատճառը Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չընդունելն է, թեպետ կարիք կա նշելու, որ այս առումով որոշակի առաջընթաց է նկատվում: 2016 թվականի օգոստոս ամսին Իսրայելի Քնեսեթի Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովն ընդունել է 1915 թվականին հայերի հանդեպ իրականացվածը՝ որպես ցեղասպանություն: Լարվածության մյուս պատճառը Իսրայելի կողմից Ադրբեջանին միլիարդների հասնող զենքի մատակարարումն է:
Սակայն քչերը հաշվարկեցին Հայաստան-Իսրայել հարաբերությունների հնարավոր կարգավորման ազդեցությունը Իրանի հետ մեր համագործակցության վրա: Իսրայել-Իրան ներկայիս քաղաքական, ռազմավարական խորքային հակասությունները որևէ մեկի համար գաղտնիք չէ, բացի այդ, Իրանը բազմիցս ակնարկներ է արել, այդ թվում՝ նաև հայկական կողմին, որ չի պատրաստվում հանդուրժել Իսրայելի ազդեցության ավելացումը տարածաշրջանում: Հետևաբար, ակնհայտ է, որ Հայաստան-Իսրայել հարաբերությունների կարգավորմանը իրանական կողմը ամենայն ուշադրությամբ և խանդով է հետևում:
Վերջերս Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության: Թեև իրանական կողմը չի նշում, թե արտաքին միջամտության տակ հատկապես որ միջազգային խաղացողներին նկատի ունի, դա ինքնին հասկանալի է: Պատահական չէ, որ Լարիջանին նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Ստեփանակերտ էր այցելել իսրայելցի հրապարակախոս ու հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը:
Հետևաբար, հաշվի առնելով Թեհրանից հնչող նման մեսիջները, հայկական կողմը հստակ պետք է գիտակցի Իսրայելի հետ համագործակցելու հնարավոր գինը: Իսկ գինը կարող է բավական թանկ լինել: Իրանը տարածաշրջանում մեր հիմնական դաշնակիցն է և էներգետիկ ծրագրերի մասով գլխավոր գործընկերը: Կորցնելով Իրանը՝ մենք կորցնելու ենք քաղաքական և տնտեսական լրջագույն հենարան, իսկ ի՞նչ կարող է մեզ առաջարկել Իսրայելը:
Ստելլա Խաչատրյան