Օրերս հրապարակվել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսի ամենամյա զեկույցը, որում բավական նուրբ ակնարկներ կան Անդկովկասի վերաբերյալ. խոսվում է 2017-ին հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման հավանականության մասին, անդրադարձ է կատարվում տարածաշրջանի երկրներում նկատվող միտումներին:


Ճիշտ է՝ միգուցե ոմանց չափազանցություն թվա, բայց, վստահաբար, զեկույցի հրապարակման ու Լավրովի' Վաշինգտոն կատարած այցի միջև առկա ժամանակային համընկնումը չի կարող պատահականություն դիտարկվել, ու այն, եթե կուզեք, յուրատեսակ մեսիջ է թե՛ անդրկովկասյան երկրներին, թե՛ Մոսկվային, որի համար, ինչպես հայտնի է՝ այս տարածաշրջանը կենաց-մահու պայքարի բաղկացուցիչն է: Այսպիսով՝ որո՞նք են զեկույցի տողատակերը, կամ ի՞նչ ուղերձներ են դրանում պարունակվում Հայաստանի համար: Նախ՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում պասիվ դերակատարում ունենալ ԼՂ կարգավորման խնդրում. Վաշինգտոնն ամեն ինչ անելու է բանակցային գործընթացի վրա սեփական ազդեցությունն ունենալու, Մոսկվայի հետ համահավասար ազդեցություն ձեռք բերելու համար:


Զեկույցից ենթադրելի է դառնում, որ իր ազդեցությունը մեծացնելու ճանապարհին ԱՄՆ-ը կարող է նաև աչք փակել Թուրքիայի նկրտումների վրա՝ Ադրբեջանի հետ մեկտեղ ձեռնոց նետելու Հայաստանին՝ այսպիսով, ըստ էության, հասկացնելով հայաստանյան իշխանություններին, որ հավասարակշռված արտաքին քաղաքականություն չվարելու, Արևմուտքի առաջ դուռը գոցելու պարագայում ԱՄՆ-ը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել Էրդողանին, ում հետ գոնե ֆորմալ առումով ԱՄՆ հարաբերությունները ներկայում լարված են. Հայաստանը պետք է այնքան խելացի գտնվի, որպեսզի ռուս-ամերիկյան հարաբերություններում մանրադրամի չվերածվի:


Զեկույցում ակնհայտ է նաև հստակ ուղերձ՝ Մոսկվային, որի բովանդակությունը հետևյալն է՝ եթե Կրեմլն ուզում է խաղաղություն իր հարավային սահմաններին ամենամոտը գտնվող տարածաշրջանում, ապա պարտավոր է իր առաջնայնությունը կիսել ԱՄՆ-ի հետ, հակառակ պարագայում ԱՄՆ-ն ունի բոլոր անհրաժեշտ լծակները՝ պատերազմ բորբոքելու մի տարածաշրջանում, որի պայթեցումն ինքնաբերաբար կհանգեցնի ՌԴ համար անկանխատեսելի հետևանքների. Ադրբեջանի տնտեսական վատթար վիճակի մասին հիշատակումը, որը դիտարկվում է հավանական պատերազմի հիմնական դրդապատճառներից մեկն, իրականում իր մեջ հստակ նախազգուշացում է պարունակում:


Այսպիսով, զեկույցից ստացված տպավորությունը հետևյալն է՝ մի կողմից ԱՄՆ-ն իրեն մատուցում է որպես հիմնական երաշխավորներից մեկը, եթե ոչ ամենահիմնականը Անդրկովկասում խաղաղության պահպանման ճանապարհին, մյուս կողմից' դրա համար կոնկրետ գին սահմանում Երևանի ու Մոսկվայի համար: Հայաստանյան իշխանություններին զեկույցը պետք է մտածելու տեղիք տա…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ