«Խաղաղության նախապատրաստման» թեզն այն աստիճան առաջնային է դարձել, որ դրա մասին վերջին շրջանում սկսեցին իրենց հայտարարություններում հատուկ տեղ հատկացնել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Այնուհետև խոսեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ակնարկելով, որ Հայաստանը և Ադրբեջանը բանակցում են հակամարտության կարգավորման փուլային տարբերակի շուրջ: Եթե այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, իսկ ՌԴ արտգործնախարարը դժվար թե ապատեղեկատվություն տարածեր, ապա պարզ է դառնում, թե ինչու են Հայաստանում ակտիվացել մի շարք ՀԿ-ներ, որոնց միակ դարդն ու ցավը՝ հասարակությանը խաղաղության նախապատրաստելն է: Սակայն, չմտածեք, որ տվյալ ՀԿ-ների հետևում կանգնած անձինք դա անում են մեր և ձեր խաղաղ գոյակցության համար. կա շատ ավելի պարզ մոտիվացիա՝ փողը, այն էլ՝ շատ մեծ փողը:
Օրինակ՝ նման ՀԿ-ներից մեկն էլ Սոցիոսկոպ ՀԿ-ն է: Ինչպես նշվում է սույն ՀԿ-ի կայքում, այն ստեղծվել է 2008թ. մի խումբ երիտասարդ հասարակագետների նախաձեռնությամբ, ովքեր ցանկանում էին համակողմանի ու հմուտ սոցիոլոգիական հետազոտությունների, խորհրդատվության և հանրային իրազեկման միջոցով նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության արդյունավետ զարգացմանը: Սոցիոսկոպը Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցի հիմնադիր անդամներից է, որի շրջանակներում համագործակցում է մյուս հիմնադիր ՀԿ-ների հետ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ի, Կանանց ռեսուրսային կենտրոնի, Հելսինկյան ասոցիացիայի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Փինք Արմենիայի հետ։ Փինք Արմենիայի, Կանանց ռեսուրսային կենտրոնի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ ՀԿ-ն համագործակցում է հետազոտական աշխատանքների շրջանակում։ Հետազոտական, կրթական և ջատագովական աշխատանքներում Սոցիոսկոպ ՀԿ-ի հետ համագործակցել են բազմաթիվ այլ ՀԿ-ներ, ինչպես օրինակ՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Նոր սերունդ ՀԿ-ն, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան։ Տարբեր տարիներին ՀԿ-ի առաջարկած նախագծերին հավանություն են տվել և աշխատանքին ֆինանսապես աջակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Գյուլբենկյան հիմնադրամը, NED–ը, Norwegian Helsinki Committee-ն։ Աննա Ժամկոչյանը, ով Սոցիոսկոպի համահիմնադիրներից է, Լառա Ահարոնյանի հետ ֆեմինիզմի պրոպագանդայով է զբաղված, ինչպես նաև ներկայումս «Իմ քայլից» ավագանի, ԼԳԲՏ շահերը պաշտպանող Գրիգոր Երիցյանի, սոցապ․ նախարար Զարուհի Բաթոյանի, Արթուր Սաքունցի, Լարիսա Մինասյանի և այլոց մտերիմն է։
«Միլիտարիզմ. ապատեղեկատվական պատմություն հայ հասարակության մեջ» նախագծի շրջանակում «Սոցիոսկոպ» սոցիալական հետազոտությունների եւ խորհրդատվության կենտրոնը 2018-ին NED-ից ստացել է $40,106 դոլար, 201-ին՝ 49 940 դոլար, որպեսզի հայ տեղեկատվական տարածքը պաշտպանի ոչ ավել, ոչ պակաս «ավտորիտար դերասանների» վնասակար ազդեցությունից:
Դրամաշնորհ ստացողը կուսումնասիրի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները՝ վերլուծելու, թե ինչպես են արտաքին եւ տեղական ավտորիտար գործողությունները ձգտում օգտագործել բնակչությանը վախեցնելու եւ հասարակական կարծիքը շահարկելու համար: Այս հակասական թեմայի հասարակական քննարկումը ուժեղացնելու համար կազմակերպությունը իրականացնելու է մոնիթորինգ, հոդվածներ եւ գրառումներ, անցկացնելու է փոքր սեմինարներ եւ եզրափակիչ գիտաժողով: Հոդվածները հրապարակվելու են համացանցում եւ գրքում:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դեռևս 2010 թվականին հիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ն՝ epress.am լրատվական կայքով, որն այս տարիներին աշխատել է և շարունակում է աշխատել մի քանի հիմնական ուղղություններով՝
• Հայ-թուրք հասարակությունների հաշտեցում
• ԼՂ հիմնախնդրի առնչությամբ խաղաղասիրության քարոզ
• Զինված ուժերի հեղինակազրկում
• ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների պաշտպանություն։
Այս ամենն իրականացնելու համար Արմեն Մելիքբեկյանի գլխավորած ՀԿ-ն դրամաշնորհներ է ստացել արտասահմանյան դոնորներից։ Օրինակ՝ National Endowment for Democracy (NED) կազմակերպությունից ՀԿ-ն ստացել է 217,818 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ 2016 թվականի ապրիլի 7-ին «Ապրիլյան քառօրյա պատերազմ»-ի թոհուբոհի մեջ epress.am կայքում հայերեն թարգմանությամբ հրապարակվել է ապրիլի 6-ին հրապարակված ադրբեջանցի Ալիա Հաքվերդիի մտքերը՝ «պատերազմի, խաղաղության վերաբերյալ», որը սկզբնաղբյուր կայքից հեռացվել է։ 2019թ. հունվարի 7-ին հրապարակված «Թավշյա հեղափոխությունն ընդդեմ «ռամիլ սաֆարովի» և Քոչարյանի մենաշնորհի» հոդվածում նշվում է. «Թավշյա հեղափոխությունը եկել է մենաշնորհները կոտրելու՝ տնտեսությունում, մշակույթում, կրթությունում, ԶԼՄ-ներում և արտաքին քաղաքականություն ձևավորելու, ձևակերպելու գործընթացում՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում»։
«Սորոսի գրասենյակից» իրավապաշտպան Արթուր Սաքունցը հունվար ամսին 187.500 ԱՄՆ դոլար գումար է ստացել խաղաղասիրության քարոզ իրականացնելու համար:
Ռազմականացման թեման սորոսի գրասենյակի կողմից հստակ ֆինանսավորում է ստանում և պատահական չէ, որ բազմաթիվ սորոսական և ապազգային կազմակերպություններ ու դեմքեր պարբերաբար թիրախավորել են և շարունակում են թիրախավորել բանակը։ Բանակից զատ, նրանց թիրախում հայտնված մյուս կառույցը Հայ Առաքելական Եկեղեցին է։ Խաղաղասիրության քարոզը վատ բան չէ, եթե կա սիմետրիկ գործընթաց Ադրբեջանում: Հակառակ դեպքում՝ կարող են կասկածներ առաջանալ, որ միակողմանի զիջումների գնալու մթնոլորտ է ձևավորվում, որպեսզի հետագայում տեղի ունենա բուն զիջման գործընթացը: Ղարաբաղի հարցի լուծման 2 տարբերակ կա՝ պատերազմական ու փոխզիջումային (միջանկյալ լուծումը՝ ստատուս քվոյի պահպանումն է): Երկուսի դեպքում էլ պետք է պատրաստ լինել պատերազմի: Ընդ որում՝ որքան լավ պատրաստվենք պատերազմին, այնքան դրա սկսվելու հավանականությունը կքչանա…