Ազգային Ժողովում այսօր Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ Օպերայի թատրոնում «Գայանե» բալետի տապալման կազմակերպիչները հայտնաբերվել և պատժվել են. «Այն անձինք, ովքեր կազմակերպել էին ներկայացման տապալումը, պատժվել են, նրանք ստացել են խիստ նկատողություն, իսկ մեկ հոգի էլ իր վրա է վերցրել ողջ պատասխանատվությունը, աշխատանքից ազատվելու դիմում է գրել»:
Դիտարկմանը՝ Օպերայի թատրոնում հաստիքներ են կրճատվում և, ըստ տարածված լուրերի, չեն կրճատվում այն աշխատակիցներն, ովքեր Ռիտա Սարգսյանի սիրելիներն են, նախարարը պատասխանեց. «Չկա նման բան, մարդը նշանակվել է՝ Կ. Օրբելյանը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար և իր գործառույթներն է իրականացնում ընդամենը»:
Հարցին՝ օպտիմալացման արդյունքում քանի հաստիք է կրճատվելու, նախարարը պատասխանեց. «Դեռ տաս հոգու է ծանուցագիր ուղարկվել, գործընթացը նոր է սկսվել, թվեր չեմ կարող ասել»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Օպերայի թատրոնում երկար տարիներ աշխատած աշխատակիցներին հեռացնում է մի պաշտոնյա, ով անգամ հայերեն խոսել չգիտի, նախարարը պատասխանեց.
«Կոստանտին Օրբելյանն ինձ հետ հայերեն է խոսում»: