Հայաստանում պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալը միշտ էլ պրոբլեմատիկ է եղել: Իրավիճակը, սակայն, հատկապես սրվել է վերջին շրջանում, երբ երկրի տնտեսությունում նախկինում նկատվող բացասական միտումները սկսեցին է՛լ ավելի ակնառու դառնալ: Բայց որքան էլ պատճառաբանեն, թե երկրում փող չկա, թե բյուջեի միջոցները չեն բավարարում և այլն, անկասկած է, որ հանրային առողջության պահպանման խնդիրն այն հարցը չէ, որի վրա պետք է տնտեսել. ռազմավարական նշանակության հարց է հատկապես Հայաստանի համար՝ պատերազմող երկրի, որի թիվ մեկ խնդիրներից մեկն էլ դեմոգրաֆիական ճգնաժամն է:
Հայտնի է դարձել, որ պետպատվերով աշխատող մի շարք բժշկական հիմնարկներում խայտառակ իրավիճակ է տիրում. Առողջապահության նախարարությունը նախատեսված միջոցները չի փոխանցել համապատասխան բուժհիմնարկներ՝ չնայած այն հանգամանքին, որ սույն հիմնարկները սպասարկել են հիվանդներին: Արդյունքում՝ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում. նրանց այլևս հրաժարվում են բուժօգնություն տրամդրել՝ պատճառաբանելով՝ փող չկա:
Բայց այս ողջ պատմության մեջ մի շատ հետաքրքրական դրվագ ևս կա. բանից պարզվում է՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը իր իսկ համակարգում ստեղծված խայտառակ վիճակի մասին տեղեկացել է լրագրողների հարցից. Ալթունյանն անտեղյակ է եղել իրավիճակից: Թե ինչի մասին կարող է վկայել նախարարի փաստացի անտեղյակությունը, թերևս, կարելի է միայն ենթադրել: Երկու տրամաբանական բացատրություն կարող է այս հարցին գտնվել. կա՛մ Ալթունյանը չի տիրապետում իր ոլորտին ու նրան առհասարակ չեն զեկուցել տեղի ունեցածի մասին, կա՛մ էլ նախարարը նման «աննշան» բաների վրա ուշադրություն դարձնելու սովորություն չունի: Նախարար մարդ է, չէ՞, մի՞թե կարող է ամեն մի նման աննշան բաների վրա ուշադրուրթյուն դարձնել...
Իհարկե, ձեռնպահ կմնանք որևիցե տեսակետ հաստատապես պնդելուց, բայց այն, որ Ալթունյանի անտեղյակությունը խնդրին չի կարող արդարացվել ոչ մի պարագայում, անվիճելի է. նախարարի պաշտոնը համատիրության նախագտահի պաշտոն չէ. պատասխանատվություն կրելու տարրական ունակություն է պետք ունենալ:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ