Այսօր` հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողները Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանից հետաքրքրվեցին, թե ինչն է եղել որդու՝ Սերգեյ Լոքյանի պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու պատճառը: Վերջինս նշեց, որ իր որդին բանակ չի զորակոչվել առողջական խնդիրների պատճառով:

Դ. Լոքյանը պնդեց, որ որդին հիվանդությունը փոքր ժամանակից է ունեցել և մինչև հիմա ալերգիա ունի. «Դա իր մոտ եղել է դեռևս տասը տարեկանից և մինչև հիմա շարունակվում է: Նա նույնիսկ դեղահաբեր ընդունել չի կարող»,- ասաց նախարարը:

Նախարարն ընդգծեց՝ երբ որդին ազատվել է ծառայությունից, այն ժամանակ պաշտոնյա չի եղել: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Factor.am-ը հրապարակել են այն պաշտոնյաների ցանկը, որոնք որդիները չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն: Այդ ցանկում էր նաև Սերգեյ Լոքյանը, որը եղել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը: