Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում անակնկալներ չկան. Հայաստանը վստահելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար։ «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ այս մասին ասաց Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին: «Հայ խաղաղապահները մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում։ Մենք սա շատ ենք կարևորում»,- ընդգծեց նա:
Նաև կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանը, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, արդյունավետ համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ: «Մենք այստեղ որևէ հակասություն չենք տեսնում»,- ընդգծեց Պուգլիսին:
Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալն ուրախությամբ նշեց, որ Հայաստանը մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի բարեվարքության ծրագրերին, ինչն օգնում է պայքարել զինված ուժերում կոռուպցիայի դեմ:
«Ձեր երկրի կողմից շատ համարձակ քայլ է այս ծրագրերին մասնակցելը»,- եզրափակեց նա: