Հայաստանը Չեխիայի համար կարեւոր գործընկեր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց չեխ քաղաքական գործիչ, նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը:
«Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թվականի հունվարի 5-ին: Մեր երկրներն ունեն ընդհանուր ժողովրդավարական արժեքներ, որոնք ստեղծում են ամուր հիմք երկկողմ համագործակցության համար: Երբ Հայաստանը Պրահայում բացեց դեսպանատուն 2011 թվականին, եւ Չեխիան Երեւանում սկսեց իր դիվանագիտական առաքելությունը 2012 թվականի մայիսին, մեր երկրների նախագահների մակարդակով ստորագրվեց բարեկամական հարաբերությունների մասին համատեղ հայտարարություն, եւ ստեղծվեց համատեղ կոմիտե պետությունների միջեւ երկկողմ տնտեսական համագործակցության վերաբերյալ: Երկուսն էլ դրական եւ կարեւոր դերակատարություն ունեն երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման, ինչպես նաեւ մեր տնտեսական կապերի ակտիվացման համար»,-ասաց նա:
Կարել Շվարցենբերգը հիշեցրեց, որ Չեխիան պատկանում է Արեւելյան գործընկերության շրջանակում Եվրամիության ամենաակտիվ երկրների շարքին. պետությունն ավելի քան պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում բարեփոխումների գործընթացին եւ հետագա գործնական համագործակցությանը երկկողմ եւ եվրոպական մակարդակներում:
«2008 թվականի հուլիսին որպես արտգործնախարար Հայաստան կատարած այցիս ժամանակ ստորագրվեց եվրոպական ինտեգրման բնագավառում երկկողմ համագործակցության մասին հուշագիր, եւ այս առումով սա մեր ջանքերի հստակ ազդանշանն էր: Այս այցի ընթացքում ստորագրվել էր նաեւ մեր երկու երկրների միջեւ եկամտի եւ կապիտալի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը: Այնուամենայնիվ, դա իմ վերջին այցելությունը չէր: Մեծ ուրախություն էր վերադառնալ Հայաստան 2013 թվականի ապրիլին: Հայաստանը հարուստ եւ հետաքրքիր պատմություն եւ մշակութային ժառանգություն ունեցող երկիր է: Անձամբ ես բարձր եմ գնահատում հայ ժողովրդին եւ հարուստ պատմությունը, որը հաճախ խճճված է եղել, տագնապալի եւ նույնիսկ ողբերգական»,-նշեց չեխ քաղաքական գործիչը եւ հավելեց, որ երկրների միջեւ հարաբերությունները վերջին 25 տարիներին դինամիկ զարգացում են ունեցել:
Քաղաքական գործիչը շեշտեց, որ երկկողմ քաղաքական բոլոր մակարդակներում, այդ թվում նաեւ խորհրդարանական, հարաբերությունները ինտենսիվ են եղել, բավականին հաճախակի եւ փոխշահավետ:
«Թույլ տվեք միայն հիշեցնել Սենատի նախագահ Միլան Շտեխի՝ 2017 թվականի հոկտեմբերին Հայաստան կատարած այցելությունը, որից հետո պրն Շտեխը հրավիրեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին այցելելու Չեխիա: Մենք նաեւ շատ լավ համագործակցում ենք նախարարությունների մակարդակով՝ ֆինանսների, ներքին գործերի, շրջակա միջավայրի, մշակույթի եւ պաշտպանության»,-ասաց նա:
Անդրադառնալով երկրների միջեւ տնտեսական հարաբերություններին՝ Կարել Շվարցենբերգը նշեց, որ երկկողմ առեւտուրը դանդաղ աճ է գրանցում, այնուամենայնիվ, դրա հետագա զարգացման համար կան հստակ հնարավորություններ:
«2016 թվականին Չեխիայից արտահանման ծավալները Հայաստան նվազել են հետխորհրդային տնտեսական անկման եւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետեւանքով: Այնուամենայնիվ, 2017 թվականի առաջին կիսամյակում Չեխիայից արտահանման ծավալներն օգտակար են եղել Հայաստանի տնտեսության վերականգնման համար: Դրանք նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 65 տոկոսով եւ կազմել 19 մլն դոլար: Չեխիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ երկկողմ տնտեսական համագործակցության համատեղ կոմիտեի վերջին 3-րդ նիստը, որը տեղի ունեցավ նախորդ տարվա սեպտեմբերին, հաստատեց այդ դրական միտումները եւ ընդգծեց ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հետագա գործողությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան եւ գյուղատնտեսությունը»,-ներկայացրեց Չեխիայի նախկին արտգործնախարարը:
Կարել Շվարցենբերգը խոսեց նաեւ նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ Եվրամության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին: Նրա կարծիքով՝ դա ապահովում է քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցության լայն շրջանակ:
«Անկասկած, սա Հայաստանի, ԵՄ-ի եւ նրա անդամ պետությունների միջեւ կապերի հետագա ամրապնդման համար մեծ քայլ էր: Մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրը կստեղծի ներդրումների ավելի լավ միջավայր, հզոր քաղաքացիական հասարակություն, անվտանգ կյանքի միջավայր, արդար եւ թափանցիկ գնումների ընթացակարգ, ավելի լավ պայմաններ սպառողների պաշտպանության, մաքուր եւ ավելի առողջ շրջակա միջավայր: Հատկանշական է այն, որ համաձայնագիրը լիովին հաշվի է առնում Հայաստանի պարտավորությունները որպես Եվրասիական տնտեսական միության անդամ»,-ընդգծեց Կարել Շվարցենբերգը եւ հավելեց, որ համաձայնագրի վավերացումը պետք է սկսվի շատ շուտով, եւ եթե չլինեն բարդություններ՝ կապված գործընթացի հետ, ապա այն շատ շուտով էլ կավարտվի:
Սյուզի Մուրադյան