ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» եթերում ասաց, որ այս պահին սահմանին համեմատաբար հանգիստ է: «Ցերեկվա ժամերին համեմատաբար հանգիստ է լինում, անցնած գիշեր էլ համամետաբար քիչ են եղել կրակոցները», - նշեց նա։
Նրա խոսքով՝ ծիծաղելի են ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, թե հայկական կողմն է առաջինը կրակ բացել. «Նրանք առիթը բաց չեն թողնում ասելու, որ իրենք խախտում են, լավ են անում, բայց երբ կրակում են ու հետո որոշակի կորուստներ են ունենում, հայտարարում են, թե չեն խախտել»,- ասաց Հովհաննիսյանը։
«Ադրբեջանն ինչ-որ առումով նոր զինատեսակ էր կիրառում վերջին օրերին, որը երկար ժամանակ չէր կիրառվել: Դա համազարկային կայաններն են՝ TR-107-ը թուրքական արտադրության, որն ապրիլյան իրադարձություններից հետո, երբ լարված վիճակը թուլացել էր, երկար ժամանակ չէր կիրառվել», - հավելեց ՀՀ ՊՆ խոսնակը։
Նա նշեց՝ վերջին օրերին սահմանային լարվածությունը պետք չէ կապել Ռուսաստանից Ադրբեջանին վաճառվող «Քրիզանթեմ» տեսակի ռազմատեխնիկայի հետ, թեև մենք դրան լավ չենք վերաբերվում, սակայն դա այն տեխնիկան չէ, որ կարող էր այսօր կիրառվել ու կապ ունենալ վերջին օրերին սահմանին տիրող լարվածության հետ:
Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից վերջին օրերին լարում առաջացնելու դրդապատճառները բազում են. «Օրինակ, վերջին շրջանում Ադրբեջանի ահաբեկչական, այսպես կոչված, աջակցության պրոյեկտը բացահայտվելուց հետո ուշադրության շեղումը, շատ հավանական ու տրամաբանական բացատրություն է», - հավելեց նա։